«ԳՈԼԴ ՍԹԱՐ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ 20-ԱՄՅԱԿԸ ԿՆՇԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՈՎ
Արխիվ 12-16«ԳՈԼԴ ՍԹԱՐ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ 20-ԱՄՅԱԿԸ ԿՆՇԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՈՎ
Շուտով «Գոլդ Սթար» պարային համույթը կբոլորի իր 20-ամյակը: Պարային ստուդիան այս մեծ իրադարձությունը պատրաստվում է նշել մեծ համերգային ծրագրով` հունիսի 11-ին` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում:
«Իրավունքի» հետ զրույցում «Գոլդ Սթար» պարային համույթի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ այդ օրը ամփոփվելու է 20 տարիների կատարած աշխատանքը, ինչպես պարային համարների, այնպես էլ ` տեսանյութերի
տեսքով. «Ամեն տարի մեր տարեդարձը նշում ենք մենահամերգի տեսքով: Այս տարի լինելու է 20 համարներից բաղկացած մենահամերգ, որին կմասնակցեն նաեւ մեր ստուդիայի մեծահասակ սաները, իսկ 2-3 համարով հանդես կգան նաեւ միջին տարիքի սաները: Համերգին կներկայացվեն տարբեր ազգերի պարեր` ժամանակակից, դասական, լատինոամերիկյան, մոդեռն ջազ ոճերում: Ի դեպ, մեր ստուդիան միակն է Հայաստանում, որն իր պարացանկում ունի 20-ից ավելի ազգերի պարեր, այսինքն` մեր սաները բոլոր ոճերի պարերին տիրապետում են»,- նշեց Ա. Ղուկասյան: Ապա մեծ ուրախությամբ ավելացրեց, որ գրեթե 10 տարի արտերկրում մասնակցում են միջազգային փառատոների եւ ամեն անգամ վերադարձել են մրցանակներով. «Շուրջ 14 պետություններում արդեն մասնակցել ենք փառատոների եւ ամեն անգամ մեր մեծահասակ սաները ոսկե մեդալներով են վերադարձել Հայաստան` Հորդանանից, Եգիպտոսից, Բուլղարիայից, Սիրիայից, Թուրքիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից: Ընդհանրապես բոլոր միջազգային փառատոներից էլ ոսկե մեդալով ենք վերադարձել»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

