ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԼԻԱՐԺԵՔ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ
Արխիվ 12-16ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆԸ
ԼԻԱՐԺԵՔ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ
Իտալիայում կայացած ըմբշամարտի խոշոր մրցաշարում Հայաստանի ըմբշամարտի ազատ ոճի հավաքականը նվաճել է 2 ոսկե եւ 3 բրոնզե մեդալներ` թիմային հաշվարկում զբաղեցնելով 3-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչներից Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) գրավել են առաջին տեղերը, իսկ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ եւ Էդգար Ենոքյանը (97 կգ)` 3-րդ տեղերը: Առաջիկա ծրագրերի, Դավիթ Սաֆարյանի մարզավիճակի եւ այլնի մասին ՙԻրավունքը՚ զրուցեց Հայաստանի ըմբշամարտի ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հետ:
-Իտալիայի մրցաշարը միջին կարգի էր, իսկ մինչ աշխարհի առաջնությունը, նախատեսվու՞մ է մասնակցություն A կարգի մրցաշարի:
- Մինչ աշխարհի առաջնությունը, մենք կմասնակցենք Ստեփան Սարգսյանի անվան գավաթի խաղարկությանը, որը A կագի է: Ուրիշ մրցաշար նախատեսված չէ:
- Մինչ այս մրցաշարը, Դավիթ Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար Դուք հատուկ մարզումային ծրագիր եք մշակել իր համար: Ինչպե՞ս են ընթանում մարզումները:
- Ամեն ինչ կարգին է, Դավիթը մրցագորգ դուրս չէր եկել 8 ամիս, հավաքներին վնասվածքի պատճառով մասնակցել էր ոչ ամբողջությամբ: Եղած դադարը հաշվի առնելով՝ նրա մրցելույթը կարելի է լավ համարել:
- Ակնկալելի է, որ մինչ աշխարհի առաջնությունը Դավիթը լիարժեք մարզավիճակ ձեռք կբերի:
- Այո, իհարկե, մինչ առաջնությունը Դավիթը ձեռք կբերի համապատասխան մարզավիճակ:
- Թիմն այս կազմով է մասնակցելու առաջնությանը, թե փոփոխություններ կլինեն:
- 90%-ով այս կազմն է լինելու, բայց վերջնական հայտացուցակը կներկայացնեմ Ստեփան Սարգսյանի գավաթի խաղարկությունից հետո:
Ավելացնենք, որ նույն օրերին Իտալիայում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը եւս մասնակցել է միջազգային մրցաշարի, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներից հաղթող են դարձել Ռոման Ամոյանը (59 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): 66 կգ քաշային կարգի ըմբիշ Արամ Ջուլֆալակյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ 85 կգ քաշային կարգի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը՝ 3-րդ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

