ԻՆՉՈ՞Ւ ԱՄՌԱՆԸ ԹԱՏՐՈՆՆԵՐԸ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ԱՄՌԱՆԸ ԹԱՏՐՈՆՆԵՐԸ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ
Սովորաբար ամռան վերջին երկու ամիսներին թատրոնները նույնպես անցնում են ամառային ռեժիմի` արձակուրդի:
Սակայն գաղտնիք չէ, որ հենց այդ ամիսներին են ակտիվանում զբոսաշրջիկներն իրենց այցերով, ու թատրոն հաճախելու ցանկությունն ավարտվում է` թատրոնների փակ դռները բախելով: Մի կողմից` թատրոնները կորցնում են հանդիսատես, մյուս կողմից` դերասաններն էլ մարդ են ու հանգստի իրավունք ունեն: Թեմայի շուրջ զրուցելով երեւանյան մի քանի առաջատար թատրոնների տնօրենների հետ` պարզվեց` տարիների փորձը ցույց է տվել, որ զբոսաշրջիկների հոսքն այդքան էլ մեծ չէ դեպի թատրոն:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն ԿԱՐՈ ՇԱՀԲԱԶՅԱՆ - Թատրոնի ամբողջ կոլեկտիվը, ինչպես միշտ, օգոստոսի 1-ից մեկնում է հանգստի: Այսինքն` հուլիս ամիսը մեր թատրոնի համար աշխատանքային է, բայց պիտի ասեմ, որ զբոսաշրջիկները կամ սփյուռքահայերը այդքան շատ էլ չեն գալիս թատրոն: Փորձը ցույց է տալիս, որ այդ ժամանակ սփյուռքահայերը քիչ են գալիս թատրոն:

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն ՀՐԱՉ ԳՐԻԳՈՐՅԱՆ - Օպերային թատրոնը օգոստոսին է գնում արձակուրդ, այս տարի հանգստից վերադառնալու ենք օգոստոսի 25-ին, որովհետեւ սեպտեմբերի 1-ին Շուշիում մեծ միջոցառում ունենք` Ավետ Տերտերյանի ՙԿրակե օղակ՚ ներկայացումը` Շուշիի ազատագրման օրվան նվիրված: Անկեղծ ասած, ամառվա այդ սեզոնին` օգոստոսին, Հայաստանում էլ մարդ չի մնում, որ մենք աշխատենք, մինչեւ հուլիսի 31-ը թատրոնը գործում է զբոսաշրջիկները գալիս են թատրոն, բայց օգոստոսին այդքան էլ չեն գալիս, այն զբոսաշրջիկներն են լինում Հայաստանում, ովքեր գալիս են Հայաստան հանգստանալու: Հունիս-հուլիս ամիսներին հյուրերի պակաս չենք ունենում: Հետո դերասաններն էլ պլանավորում են իրենց հանգիստը:

Գ. Սունդուկյանի անվան ազային ակադեմիական թատրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԴԱՎԹՅԱՆ - Հուլիս-օգոստոս ամիսներին մենք ներկայացումներ չենք ունենա, բայց 3 նոր ներկայացում է նախապատրաստվում, որ սեպտեմբերին խաղաշրջանը նոր ներկայացումով բացենք: Այսքան տարիների փորձը ցույց է տվել, որ զբոսաշրջիկները թատրոն չեն գալիս:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն ՖՐԵԴ ԴԱՎԹՅԱՆ - Ինչպես միշտ, հուլիսի 16-ից մենք էլ կմեկնենք արձակուրդ` մինչեւ օգոստոսի վերջը: Իսկ սեպտեմբերի 8-10-ն ընկած հատվածում կպատրաստվենք նոր խաղաշրջանի բացմանը: Ինչու ամռանը թատրոնը չի աշխատում. իսկ կներեք, եթե դերասանները եւ թատրոնի անձնակազմը ամբողջ տարի գիշեր-ցերեկ, քրտնաջան, գրեթե առանց հանգստյան օրերի աշխատում են, հանգստանալու իրավունք չունե՞ն: Ու պարտավո՞ր ենք զբոսաշրջիկների համար աշխատել: Ամառվա ընթացքում էլ, մենք հանգիստ չենք նստում, նոր եւ հին ներկայացումների փորձեր են ընթանում, հին ներկայացումները, որ առայժմ մեր խաղացանկում են, բայց չեն խաղացվում` դերասանական ներմուծումների համար: Թատրոնի խաղացանկը իր կորուստներից հետո պիտի ամբողջովին վերականգնվի, չհաշված որ զուգահեռ բեմադրվում են նոր ներկայացումներ:
Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

