ԱՐԱՔՍՅԱ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ. «ԵՐԳԵՐՆ ԷԼ ԵՐԲԵՄՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՆՄԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐ ՈՒՆԵՆ»
Արխիվ 12-16ԱՐԱՔՍՅԱ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ. «ԵՐԳԵՐՆ ԷԼ ԵՐԲԵՄՆ
ՄԱՐԴԿԱՆՑ ՆՄԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐ ՈՒՆԵՆ»
Դեռ 90-ականներից երգչուհի ԱՐԱՔՍՅԱ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ սիրվեց ու մնաց սիրելի` համայն հայության համար: Բավական է հիշել նրա մի քանի երգերը, որոնց ներքո շատերի մանկությունն ու երիտասարդությունն է անցել` «Էս ո՞վ ինձ անիծեց, էսքան սեր տվեց…», «Երկրաշարժ», «Հայաստան իմ», «Վերջին անգամ», «Ներիր ինձ», «Արի, արի»: Այո, սրանք այն երգերն են, որոնց հնչյունների ներքո շատերը սիրահարվել են, ծածուկ լացել կամ մխիթարվել: Այսօր Ա. Վարդերեսյանը, թեպետ ապրում է Լոս Անջելեսում, բայց շարունակում հայերեն երգել ու կրկին սրտամոտ լինել իր ժողովրդին: Օրերս համացանցում հրապարակվեց իր «Առաջին սեր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:
«39 ՏԱՐԻ ԱՊՐԵԼՈՎ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ` ՀԵՏ ԵՄ ՎԱՐԺՎԵԼ ՑՐՏԻՆ»
-Տիկին Վարդերեսյան, կարոտով Ձեզ սպասող հայ հանդիսատեսի համար մեծ անակնկալ էր այս տեսահոլովակը: Կպատմե՞ք տեսահոլովակի նկարահանման եւ այս երգի ստեղծման մասին:
- Ասում են` երգերն էլ երբեմն մարդկանց նման ճակատագիր ունեն: Այս երգը ես գրել եմ 20 եւ ավելի տարիներ առաջ, որը հիմա կյանքի կոչվեց: Դեռ անցյալ ամառվանից պատրաստվում էինք այս տեսահոլովակի նկարահանմանը, ինչի համար փնտրում էինք վայրի բնությամբ լիճ: Սակայն լճի վրա նկարահանվելու համար ԱՄՆ-ում պահանջվում են շատ փաստաթղթեր եւ արտոնություններ: Իսկ արդեն հոկտեմբեր ամսին մեզ արգելվեց լճի վրա նկարահանվել, քանի որ այդպիսի օրենք էր: Եվ վերջապես Angeles Crest National անտառում` 11 հազար ոտք բարձրության վրա, գտանք շատ գեղեցիկ եւ վայրի բնությամբ լիճ: Եթե չեմ սխալվում, արդեն դեկտեմբեր ամիսն էր եւ անտառից վերադառնալով` որոշեցինք օրերի ընթացքում սկսել նկարահանումը: Մինչ այդ, Լոս Անջելեսում անձրեւ տեղաց, իսկ հաջորդ օրն ինձ հայտնեցին, որ լիճը սառցակալել է, եւ խոսք լինել չի կարող նկարահանման մասին, քանի որ արգելված է: Ի վերջո, նկարահանումը տեղի ունեցավ լճից քիչ հեռու ձյունածածկ մի բացատում: Շատ-շատ ցուրտ էր, 2-3 նկարահանումից հետո` ես հրաժարվեցի... Եվ ահա այսպես ավարտեցինք տեսահոլովակը: 39 տարի ապրելով Լոս Անջելեսում` հետ եմ վարժվել ցրտին:
- Առաջիկայում նախատեսո՞ւմ եք նաեւ ալբոմ թողարկել` հին ու նոր երգերով:
- Ես արդեն մեկ-մեկուկես տարի առաջ երկու հին եւ նոր երգերի ալբոմ ու ձայնասկավառակ եմ թողարկել:
- Տարիները, կարծես, Ձեր կողքով են անցնում, եւ գեղեցկուհի Արաքսյա Վարդերեսյանը կրկին սեր է երգում: Ի
վերջո, ո՞վ անիծեց ու այդքան սեր տվեց, որը փոխանցում եք Ձեր երգերի սիրահարներին:
- Հա՜-հա՜ (ծիծաղում է տիկին Վարդերեսյանը-հեղինակ), լավն էր, սերը կյանք է, եւ Աստված ինքնին սեր է:
«ՊԵՏՔ Է ԳՐԵԼ ԵՎ ԵՐԳԵԼ
ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ` ՀԱՅԻ ՀԱՄԱՐ»
-Ի դեպ, տեսահոլովակում նկարահանվել են հայ հանդիսատեսին քաջածանոթ ամուսիններ «Արմենոիդս» խմբի ղեկավար Էդգար Ռոստոմյանը եւ հայտնի մոդել Նադեժդա Հովհաննիսյանը: Ինչպե՞ս որոշվեց հենց նրանց ընդգրկել տեսահոլովակում:
- Էդգարի եւ Նադեժդայի հետ ծանոթացել եմ եւ ընդունել զավակիս պես: Նրանք երիտասարդ են եւ տաղանդավոր:
- Առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք, եւ ինչպիսի նորության սպասեն Ձեր ունկնդիրները:
- Այո, ունեմ լավ ծրագրեր եւ նորություններ` իմ ունկնդիրների համար. ես սիրում եմ նրանց:
- Միշտ հային սրտամոտ, ժամանակին համահունչ երգերով դարմանել եք հազարավոր սրտեր, ըստ Ձեզ` այսօր ինչպիսի՞ երգերի կարիք ունի հայ ժողովուրդը:
- Պետք է գրել եւ երգել ժողովրդի համար, հայի համար, պահպանել մեր մշակույթը` օգտվելով ժողովրդական արմատներից` թերեւս քայլելով ժամանակի հետ:
- Այս պահին սրտից բխած ի՞նչ խոսքերով Արաքսյա Վարդերեսյանը կդիմեր իր ժողովրդին:
- Թեեւ հեռացել եմ քեզնից, բայց երբեք քեզ չեմ լքել: Դու իմ սրտում ես միշտ եղել, ի՛մ ժողովուրդ, ի՛մ հայրենիք, Հայաստա՛ն…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

