ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ՏՅԱՆ ԱՆ ՄԻՆԸ ՏԱՆԿԵՐՈՎ ՃՆՇԵԼԸ ՄԻԱԿ ՃԻՇՏ ԼՈՒԾՈՒՄՆ ԷՐ
Երեկ լրացավ Տյան Ան Մին հրապարակում տեղի ունեցած ՙՄայդանի՚ ճզմման 25-ամյակը, ու այս ընթացքում այնքան բան է տեղի ունեցել աշխարհում ու Չինաստանում, որ կարելի է բազմաթիվ համեմատական եզրույթներ անցկացնելով, գալ այն պարզ եզրակացությանը, որ Չինաստանի իշխանությունների ձեռնարկած կոշտ գործողությունները միակ ճիշտն էին:
Ի±նչ խոսք, ցավալի է, որ խառնակիչների ու դիսիդենտների ձեռքով քչփորված ջահելությունից 250-1500 հոգի մարդ զոհվեց, բայց դա այն գինն էր, որը պետք էր վճարել, որպեսզի չարժանանալ ԽՍՀՄ-ի ու բոլոր այն երկրների ճակատագրին, ովքեր այս տարիների ընթացքում չկարողացան կանխարգելել կառավարվող հեղափոխությունների ներդրումն իրենց մոտ: Վերցնենք նույն ԽՍՀՄ-ի օրինակը: Եթե հաշվենք միայն հետխորհրդային հանրապետություններում փլուզումից հետո սկսված տարբեր պատերազմներում զոհվածների թիվը, ապա գործ ունենք մարդկային մոտ միլիոն կյանքի հետ, էլ չասեմ տնտեսական ու հոգեբանական կորուստների մասին: Վստահաբար կարելի է ասել, որ Չինաստանին էլ լուսավոր ճակատագիր չէր սպասվում Տյան Ան Մինի հաղթանակի դեպքում: Գուցե երկիրը չտրոհվեր մի քանի մասերի, բայց այն նորից կվերադառնար կիսագաղութացված կարգավիճակի ու էլի աշխարհի հզորները կսկսեին խմբակային աշխարհաքաղաքական բռնաբարությունը` Օպիումային պատերազմներով ու Նանկինի ջարդերով: Ամենահատկանշականը, սակայն, հենց չին հասարակության վերաբերմունքն է: Եթե 1989-ին հաջորդած տարիներին Դեն Սյաոպինին մեղադրում էին` ասելով` ՙնա սպանեց մեր երեխաներին՚, ապա ԽՍՀՄ ու Հարավսլավիայի փլուզումից ու Չինաստանի տնտեսական թռիչքային վերելքից հետո չին հասարակությունը արեց այն, ինչ շատ հատուկ է հենց իրենց քաղաքակրթությանը` սթափ գնահատեց իրավիճակը ու համակերպվեց, որ Տյան Ան Մինը տանկերով ցրելը ոչ թե չմոտիվացված բռնապետական դաժանության դրսևորում էր, այլ անհրաժեշտ քայլ, իսկ այդ մի քանի հարյուր հոգու արյունը` անհրաժեշտ գին, որով վճարվեց հետագա բարեկեցության, զարգացման ու բազմամիլիոնանոց կյանքերի փրկության համար: ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՏԵՐ-ՆԱԿԱԼԱՆ