ԵՊՀ-Ն ՓԱՍՏԵՑ, ՈՐ ՙՇԱՆԹԻ՚ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԱՆՏԵՂԻ ԷԻՆ ԵՎ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ
Արխիվ 12-16ԵՊՀ-Ն ՓԱՍՏԵՑ, ՈՐ ՙՇԱՆԹԻ՚ ՓԱՍՏԱԲԱՆԻ
ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԱՆՏԵՂԻ ԷԻՆ ԵՎ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ
ՙԻրավունքն՚ անդրադարձել էր մայիսի 5-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ, ՙԻրավունք Մեդիա՚ ՍՊԸ-ն, Հայկ Բաբուխանյանը, Հովհաննես Գալաջյանն ընդդեմ ՙՇանթ՚ ՍՊԸ-ի` պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին հետաձգված դատական նիստին: Նշենք, որ դատական նիստը հետաձգվել էր ՙՇանթ՚ ՍՊԸ-ի փաստաբան ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` դատարանին, ով ինչպես հետագայում պարզվեց, վերջինս էլ չհերքեց, դատից հինգ րոպե առաջ միջնորդություն ներկայացնելու պատճառով: Ըստ որի, նա նույն օրը, ճիշտ նույն ժամին ԵՊՀ-ում կայանալիք ասպիրանտական քննության է մասնակցում` գիտությունների թեկնածուի որակավորում ձեռք բերելու համար:
Այն, որ ՙՇանթը՚ դատերը արհեստականորեն հետաձգելու սկզբունք է ձեռք բերել, այլ խոսքով` տեւական դատավարական տեռորի է ենթարկում ինչպես ՙԻրավունք՚ թերթին, այնպես էլ խոսքի ազատությանը, նորություն չէր: Սակայն, նորությունն այն էր, որ գիտությունների թեկնածուի որակավորում հայցող փաստաբանը, այլ քննություններ հանձնելուց առաջ պետք է որ քննություն տար էթիկայի կանոնների վերաբերյալ: Հակառակ դեպքում, պատշաճ կերպով եւ ժամանակին, ոչ թե դատից քիչ առաջ (որի մասին մեզ հետ զրույցում չհերքեց նաեւ Վ. Գրիգորյանը), կտեղեկացներ նիստի մասնակիցներին եւ դատարանին: Առավել եւս, որ քննության օրերի մասին, տեղեկացվում են առնվազն մեկ շաբաթ առաջ, հաստատ, ոչ մեկ օր կամ երկու օր առաջ: Սակայն ՙՇանթի՚ ներկայացուցիչը իրեն արդարացնելու համար, հետեւյալ պատճառաբանությամբ էր հանդես եկել. ՙԵրբ ես գրանցվեցի քննության համար, կար երեք հերթ` առավոտ, կեսօր եւ օրվա վերջ: Իմ գրանցվելուց հետո խնդիր էր առաջացել` վերջին օրով անունս, չգիտես ինչի, ջնջել էին: Ես նորից գրանցել տվեցի, այս անգամ արդեն ինձ վերջին հերթ գցեցին: Դա էր պատճառը, որ դատը սկսելուց առաջ բերեցի միջնորդությունը, այսինքն` ես նախապես չեմ իմացել, վերջին օրով եմ իմացել, որ ժամը 4-ին եմ քննության՚:
Թե որքանով է համապատասխանում ՙՇանթի՚ փաստաբանի տեղեկությունը, որ նա դատից ժամեր առաջ է իմացել, որ այդ օրը քննության է, գրավոր հարցով դիմել էինք ԵՊՀ-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից վարչության պետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ ստացել ենք հետեւյալ պատասխանը.
- Իրավագիտության ֆակուլտետի առկա ուսուցմամբ ասպիրանտ Վահագն Գրիգորյանը նախապես գրանցվել է` ՙԻնֆորմատիկա՚ առարկայից քննություն հանձնելու համար, եւ ըստ սահմանված ժամանակացույցի Գրիգորյանը քննություն է հանձնել ս/թ մայիսի 5-ին, ժամը 16:00-ին:
ՙԻնֆորմատիկա՚ առարկայի քննության ժամանակացույցը ս/թ ապրիլի 27-ին փակցվել է ԵՊՀ ասպիրանտուրայի բաժնի հայտարարությունների տախտակին, այսպիսով` Վահագն Գրիգորյանը կարող էր նախապես ծանոթանալ իր քննության օրվա եւ ժամի վերաբերյալ: Բացի այդ, եղել են դեպքեր, ասպիրանտի խնդրանքով` անհրաժեշտության դեպքում, տեղի է ունեցել քննության ժամի փոփոխություն, Գիրգորյանը երբեւէ չի դիմել ԵՊՀ ասպիրանտուրայի բաժին` իր քննության ժամը փոխելու հետ կապված:
Այսքանից հետո կարելի եզրակացնել միայն այն, որ ՙՇանթի՚ փաստաբանը, չգիտես ինչու, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում թե° դատարանի, թե° դատական նիստի մասնակից կողմի նկատմամբ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

