«ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ` ՍԿՍԵԼՈՒ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16«ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ` ՍԿՍԵԼՈՒ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ»
Օրերս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել էր. «Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն` նրանք պետք է գան Հայաստան եւ ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին եւ առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»:
Այս ելույթից հետո դեռ շատ առիթներ կունենանք լսելու թուրքական վայնասունները, իսկ թե ինչի՞ կբերեն դրանք, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.
-Չեմ կարող կանխատեսել` Թուրքիայում հիստերիա կբարձրանա, թե` ոչ: Բայց իհարկե կլինեն շրջանակներ, որոնք կոշտ կարձագանքեն շատ ողջամիտ այդ առաջարկին, բայց ի՞նչ է ասել հանրապետության նախագահը: Նա շարունակում է հավատարիմ մնալ այն թեզին, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում ելքեր կան, եւ այդ ելքերով համագործակցություն պետք է փնտրել: ՀՀ նախագահը հերթական անգամ հնարավորություն է տալիս թուրքական կողմին հայ-թուրքական հարաբերությունների փակուղուց դուրս գալու: Համոզված եմ` շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում եւ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության արդյունքում թուրքական հասարակական-քաղաքական շրջանակներում այլեւս կան մարդիկ, ովքեր այլ կերպ են մտածում, քան օրթոդոքս արմատականները: Եվ կան մարդիկ, ովքեր գտնում են, որ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: Թուրքիայում այլեւս կան քաղաքական հայտնի գործիչներ, գիտնականներ, որոնք գտնում են, որ այդուհանդերձ պատմության հետ առերեսվելու անհրաժեշտությունը աներկբա է, եւ ինչքան շուտ անեն, այնքան լավ: Ինչպես նաեւ կան մարդիկ, ովքեր համոզված են, որ չի կարող Թուրքիան հավակնել ոչ միայն տարածաշրջանային, այլեւ գլոբալ քաղաքականության մեջ հիմնական խաղացողի դերակատարմանը, եթե նա փոքր Հայաստանի հետ ի վիճակի չէ իր հարցերը կարգավորել: Բնականաբար, Թուրքիան դատապարտված է այդ խնդիրները լուծելու: Հիմա ՀՀ նախագահը ընդամենը հնարավորություն է տալիս` ասելով, որ ահա այն ճեղքը, որից դուք կարող եք դուրս գալ:
- Այդուհանդերձ, թուրքական իշխանությունները ով էլ որ լինի 2015 թվականին, ի զորո՞ւ են գալ եւ առերեսվել ճշմարտության հետ:
- Իհարկե, սա չի նշանակում, որ հիմա Գյուլը կամ Էրդողանը կասեն, թե` այո, մենք հաջորդ տարի ապրիլի 24-ին կհանդիպենք Ծիծեռնակաբերդում: Ես համոզված եմ, որ դա չի լինի, որովհետեւ դրան կհաջորդեն շատ հետաքրքիր զարգացումներ: Դա կխոսեր նրանց ե՛ւ քաղաքական խիզախության, ե՛ւ ողջամտության մասին, բայց սա նշանակում է, որ ՀՀ նախագահը հնարավորություն է տալիս սկսելու երկխոսությունը: Ընդհանրապես, սա շատ լուրջ ու ծանրակշիռ քայլ է: Չէ՞ որ, վերջին հաշվով, մենք չենք ասում, որ այսօրվա Թուրքիայի սերունդը ուղղակի պատասխանատվություն է կրում իրենց նախնիների ոճրագործությունների համար, այլ ընդամենը ասում ենք` եկեք ճանաչեք, որպեսզի հայերս ունենանք տարրական երաշխքիներ, որ երբեւէ ձեր որեւէ սերնդի մտքով այդ բանը չի անցնի: Առավել եւս, որ դրա նախադեպը կա: Գերմանացիները ոչ միայն չընկճվեցին, ոչ միայն չնվաստացան, այլ հզորացան, ավելի առնականացան, երբ ճանաչեցին հոլոքոստը: Ընդ որում` դրանով առողջացրին իրենց հանրային օրգանիզմը` ձերբազատվելով մաղձից եւ թույնից, ինչպես նաեւ ձեւավորեցին միջազգային հարաբերությունների ամբողջ մի շերտ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

