Ռուսաստանի նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ...
Արխիվ 12-16
Ռուսաստանի նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ հեգնանքով պատասխանել այն հարցադրմանը, որ ՙՄեծ յոթնյակը՚ հավաքվել է եւ համաշխարհային խնդիրները քննարկում են առանց իրեն. ՙՆրանց բարի ախորժակ եմ մաղթում՚,- հայտարարել է Պուտինը, հաղորդում է RIA novosti-ն: Դե ինչ, զարմանալի պարզ եւ հստակ պատասխան է, սակայն կարծում ենք, որ ՙՄեծ յոթնյակում՚ դժվար թե լավ ախորժակ ունենան: Եվ այդ ախորժակը փչացնողը, բնականաբար, հենց Ռուսաստանն է իր նախագահով, ով համարձակորեն մեր աչքի առաջ փլուզում է միաբեւեռ աշխարհակարգը: Սակայն պետք է զարմանալ ոչ թե Պուտինի գործողություններից ու խոսքից, այլ` եվրոպացիների, բառիս բուն իմաստով, հավի հիշողությունից եւ տգիտությունից:
Չէ որ դեռ 19-րդ դարում Բիսմարկը զգուշացրել էր, որ մի փորձեք խաղ անել Ռուսաստանի հետ, այն անկանխատեսելի է, իսկ այսօր եվրոպացիները բարեհաջող մոռացել են այդ տաղանդավոր եւ գիտակ զորավարի խոսքը: Իսկ ԱՄՆ նախագահ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ Վարշավայում զարմանալիորեն քնել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու ելույթի ժամանակ: Վերջինս էլ, տակ չի մնացել ու քնել է Օբամայի ելույթի ժամանակ: Դե ինչ, իրեն աշխարհի ամենահզոր մարդ համարող Օբաման, երեւի թե սեփական ուղեղի գերլարմանը չի դիմացել: Իսկ որ նա պետք է սեփական ուղեղը գերլարեր, հասկանալի դարձավ ֆրանսիացի լրագրողներին նրա տված պատասխաններից, ուր ԱՄՆ նախագահը խոստովանեց, որ ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն ու ԵՄ-ն դժվարությամբ է իրարից տարբերում: Եթե այդպիսի բան իրեն թույլ տար Հայաստանի լրագրողական ֆակուլտետի որեւէ ուսանող, ապա հաստատ քննությունից կկտրվեր: Դե, բայց ԱՄՆ նախագահի համար դա սովորական բան է, եւ քանի որ քննարկվող հարցերի մեջ առկա էր նաեւ Ուկրաինայի խնդիրը, ապա այդպիսի մտավոր ունակություններ ունեցողի ուղեղը անխուսափելիորեն պետք է կախվեր:
Այն, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը դարձել է ՙՆազարբաեւի վկա՚ ու հանրությանը փորձում է համոզել, իբր Նազարբաեւի խոսքից բխում է Արցախի անջատումը Հայաստանից, նորություն չէ եւ զարմանալի չէ, անգամ ձանձրալի է դարձել: Բայց, զարմանալի է, որ այդպիսի տրամադրություններին որոշ չափով տուրք է տվել ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Yerkir.am-ը Աստանայում տեղի ունեցածի եւ դրան հետեւած իրադարձությունների վերաբերյալ փորձել է մեկնաբանություն ստանալ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից: Վերջինը չի ցանկացել խորանալ մանրամասների մեջ եւ ասել է հետեւյալը. ՙՈրեւէ միջազգային կազմակերպությանն անդամակցելը չի կարող արդարացնել Հայաստանի եւ Արցախի միջեւ պատնեշների ստեղծումը: Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս՚: Այն, որ ՀՀ երկրորդ նախագահը Արցախը համարում է Հայաստանի անբաժանելի մաս, ողջունելի է, նույնիսկ` հրաշալի: Բայց որ Քոչարյանը կարող էր տուրք տալ այն հեքիաթներին, իբր Հայաստանի եւ Արցախի միջեւ պատնեշ կարող է ծլել, դա արդեն զարմանալի է: Չնայած չպետք է բացառել, որ տվյալ պարագայում Վիկտոր Սողոմոնյանը ճշգրիտ չի հաղորդել իր շեֆի իրական տեսակետը:
ԼՏՊ-ն իրեն պատռելով հայտարարում է, որ սահմանադրական որեւէ փոփոխություն անընդունելի է: Սակայն ՀԱԿ խմբակցության անդամ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ վարվում է իր երբեմնի կուռքի տրամադրություններին տրամագծորեն հակառակ` ակտիվորեն մասնակցում է սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային լսումներին: Եվ ահա նա զարմանալիորեն կապ հայտնաբերեց Սահմանադրության եւ Եվրասիական միության միջեւ: ՙՀՀ իշխանությունները հայտարարել են, որ 10 օր հետո ստորագրելու են այդ փաստաթութը: Հետագայում ՀՀ քաղաքական օրակարգը ելնելու է այդ փաստից: Ես ինձ համար, զարմանալիորեն, Աստանայից հետո բացահայտեցի, որ մենք Մաքսային միություն չենք գնում, դա գրեթե կապ չունի Մաքսային միության հետ: Ինտերնետից հասցրեցի կարդալ այդ պայմանագիրը: Եթե ուշադիր նայեք` էլ աշխատանք, էլ կառավարման ձեւ, էլ աշխատանքի, հարկային քաղաքականություն՚: Դե ինչ, Բագրատյանի ասածը մեկ այլ բան է փաստում` եթե այդ փաստաթուղթը այդքան սեղմ ժամկետում հնարավոր է գտնել համացանցում եւ մանրամասն ուսումնասիրել, ապա դա զարմանալիորեն վկայում է, որ ի տարբերություն ԵՄ ասոցացման համաձայնագրի, ՄՄ փաստաթուղթը բավականին պարզ Է ու միանգամայն թափանցիկ, եւ այն, ի տարբերություն եվրոպացիների մոգոնած հազար քանի էջանոց փաստաթղթից, որից բարեբախտաբար խուսափել ենք, ոչ ոքից էլ գաղտնի չի պահվում:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

