ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԻՐ ԱԹՈՌԸ ԿՐԿԻՆ ԿԶԻՋԻ՞ Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԻՐ ԱԹՈՌԸ ԿՐԿԻՆ ԿԶԻՋԻ՞ Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանը երեք շաբաթից կլինի Հայաստանում, ինչպես ինքն է արդեն հայտարարել. «Զինված ու հարստացած»:
Սա երկու` ում համար դրական, ում համար էլ բացասական իրադարձության պատճառ կարող է դառնալ: Նախ` Զ. Փոստանջյանին չի հանդուրժի ոչ իշխանական քառյակը, հատկապես` ԲՀԿ-ականները, ովքեր բազմիցս լեզվակռվային փոխհրաձգության մեջ են եղել վերջինիս հետ եւ, ըստ էության, քառյակը` որպես քաղաքական միավորում կկնքի իր մահկանացուն: Եվ երկրորդ` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի սեւ օրերը սկսվում են, քանի որ Զ. Փոստանջյանն ու Ռ. Հակոբյանը օրեցօր առավել նկատելի էին դարձնում միմյանց նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարյացակամ հարաբերությունները: Բազմիցս հնչել են տեսակետներ, որ Ռ. Հակոբյանը հենց Զ. Փոստանջյանի պատճառով ժամանակին հրաժարվեց խմբակցության ղեկավարի պաշտոնից: Թե ի՞նչ փոփոխություններ են սպասվում ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում` Զ. Փոստանջյանի վերադարձով, եւ արդյոք դյուրաբորբոք տիկինը կղեկավարի այն, «Իրավունքը» պարզեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ.
- Ես այս պահին որեւէ բան չեմ կարող ասել, դեռ կերեւա, սակայն խմբակցության ղեկավարի փոփոխության խնդիր այս պահին չկա դրված:
- Միգուցե փոփոխություններ կլինեն առաջիկայում` «Ժառանգություն» կուսակցության նախատեսված համագումարից հետո՞:
- Համենայնդեպս, չկա նման խնդիր այս պահին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

