ՎԱՐՉԱՊԵՏԸ ԼՏՊ-Ի ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԱՐԾԻՔԻ ԷՐ
Արխիվ 12-16ՎԱՐՉԱՊԵՏԸ ԼՏՊ-Ի ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԱՐԾԻՔԻ ԷՐ
Հայաստանի վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ չի հավատում, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ՙպարտադիր, բայց ոչ պարտադրված՚ արտահայտությունն այսօր հրապարակված իր հոդվածում անվանել է իդիոտիզմ:
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի հասցրել ծանոթանալ մամուլին: ՙԱմեն դեպքում նման լեքսիկոնով դժվար թե խոսեր առաջին նախագահը: Առիթը չեմ տեսնում մեր մասին նման կոշտ բառապաշարով խոսելու: Պատճառն էլ, անկեղծ ասած, չեմ հասկանում: Երբ որ ծանոթանամ հոդվածին ու զգամ, որ անհրաժեշտ է արձագանքել, անպայման կարձագանքեմ, կիմանաք՚,- ասաց վարչապետը` շրջանցելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածի հետ կապված բոլոր հարցերը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ` ինչ դիրքորոշում ունի վարչապետը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` էլեկտրաէներգիան թանկացնելու նախաձեռնության վերաբերյալ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պաշտոնական դեռ ոչինչ չկա, հետեւաբար այդ մասին ինքը դեռ չի խոսի:

