«ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ՄԵՐ ՇԱՀԵՐՈՎ»
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ՄԵՐ ՇԱՀԵՐՈՎ»
Հայ հանրության արձագանքը այս կամ այն քաղաքական իրադարձությանը, մեղմ ասած, հաճախ ապշեցնում է: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների վայրահաչոցներն այն մասին, որ Արցախը պետք է վերադարձնել Ադրբեջանին եւ այլն, հաճախ մնում են, եթե ոչ անարձագանք, ապա գոնե ստվերում, մինչդեռ մեծ բոյկոտ ու աղմուկ է սկսվում որոշ շրջանակների կողմից, երբ հերթը հասնում է ՀՀ-ի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը: Կամ օրինակ` թուրք պաշտոնյայի այցը Հայաստան կարող է չնկատվել, մինչդեռ ՌԴ նախագահի այցի ժամանակ հակապուտինյան հիստերիա սկսվեց: Հանրային նման դրսեւորումների, ինչպես նաեւ հակառուսական որոշ շրջանակների տրամադրվածության մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ հետ.
- ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր գաղափարները, տեսակետները ունենալ` նաեւ մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ, այդ թվում նաեւ սեփական պատկերացումները` Հայաստանի դաշնակցային հարաբերությունների կառուցվածքի վերաբերյալ: Բայց, բարեբախտաբար, ես կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր չկա նման միտում` որեւէ գերտերության դեմ ուղղված: Եվ դա բարեբախտություն է, որովհետեւ հակառակն առնվազն անտրամաբանական է: Մենք կարող ենք դժգոհ լինել մեր իշխանությունների կողմից վարվող քաղաքական կուրսի այս կամ այն դրսեւորման վերաբերյալ, բայց մենք չենք կարող դժգոհ լինել այլ պետություններից եւ իրենց քաղաքական կուրսից: Հետեւաբար, նման դրսեւորումները համարելով օրինաչափ, համարելով քաղաքացիների սահմանադրական իրավունքը` նման խնդիր չեմ տեսնում: Մենք չպետք է մոռանանք մի պարզ ճշմարտություն, որ միջազգային միջնորդները եւ եռանախագահող երկրները գործում են` որպես մեկ միջնորդական առաքելություն, այսինքն` տվյալ պարագայում շատ մակերեսային կլինի, համանախագահող երկրների միջնորդական ջանքերը առանձնացնել եւ վերագրել իրենց պետություններին առանձին վերցրած: Երբեմն մեր հանրային արձագանքներում մենք շատ ավելի առաջ ենք գնում, քան առողջ տրամաբանությունն է իրենից ենթադրում: Բայց, կրկնում եմ` բարեբախտաբար, քաղաքական ուժերի շրջանակներում նման լուսանցքային մտածողություն կրող քաղաքական ուժեր չկան, կամ եթե կան, ապա ոչ նշանակալի են, որովհետեւ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ մենք չպետք է ինքներս մեզ պարտադրենք ընտրություն կատարել մեր ռազմավարական գործընկերոջ եւ մեզ համար բարեկամ եւ գործընկերային լուրջ հարաբերություններ ունեցող աշխարահաքաղաքական մեկ այլ կենտրոնի` Միացյալ Նահանգների կամ Եվրամիության միջեւ: Այսինքն` այս մտածողությունը, որը նոր չէ Հայաստանի համար, առավել եւս նոր չէ հայ ժողովրդի պատմության համար, պետք է մենք մերժենք, որովհետեւ աշխարհաքաղաքական օրիենտացիան դնել պետության, պետականաշինության եւ զարգացման հիմքում` ինքնին սխալ մտածողություն է: Եվ մեր ողջ պատմությունը դրա ցցուն եւ խոսուն վկայությունն է, հետեւաբար Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականության հիմքում, ինչքան էլ այս թեզը հնչի շատ պարզ, պետք է բացառապես դնի իր սեփական շահերը: Դաշնակիցները պատմության ընթացքում շատ հաճախ փոխվում են, բայց մեր ժողովրդի հավաքական շահերը անփոփոխ են, եւ նաեւ որպես անկախ պետականություն` մեր շահերն են անփոփոխ: Իսկ դաշնակցությունը այս կամ այն պետության հետ ժամանակավոր երեւույթ է, եւ երբեւէ իրեն հարգող որեւէ պետություն չպետք է իրեն սահմանափակի այդ հարաբերություններում: Այնպես որ, պետք է առաջնորդվել բացառապես սեփական շահերով: Այսօր Հայաստանի Հանրապետության շահերից բխում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական համագործակցությունը, դաշնակցային հարաբերությունների էլ ավելի խորացումը, նույնպես մեր շահերից բխում է Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, եւ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացումն ու բարեփոխումների առաջ մղումը, կոռուպցիայի նվազեցումը, այսինքն` հասարակական իրավահարաբերությունների Եվրոպական մոդելի ներդրումը: Մեր շահերից բխում է նաեւ Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամական հարաբերությունների խորացումը: Եվ այս ամենը հակադրել` նշանակում է խաղալ այլոց խաղերը, որովհետեւ մենք պարտավոր ենք առաջնորդվել մեր շահերով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

