ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ՄԵՆՔ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ
Արխիվ 12-16ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ՄԵՆՔ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ
Ընկերական հանդիպումների շրջանակում Շվեյցարիայի Սիոն քաղաքի ՙՍտադ դը Տուրբիյոն՚ ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը ուժերը չափեց եւ 1:3 հաշվով պարտվեց Ալժիրի հավաքականին: Առաջին հաղթանակը համտեսած Բեռնար Շալանդը ստիպված եղավ առաջին պարտության համն էլ զգալ: Եվ ամենակարեւորը հասցրեց զգալ, թե որքան ծայրահեղ կարող է լինել հայ ֆուտբոլասերը:
Դե, այնպես չէ, թե պարտվում էինք առաջին անգամ կամ այլ սպասելիքներ ունեինք: Խնդիրն այստեղ այն է, որ ֆուտբոլասերների մի մասը, անկախ նրանից` հավաքականը ընկերական խաղ է խաղացել, թե` պաշտոնական, սպասում է հարմար առիթի` ինչ-որ թոհուբոհ բարձրացնելու համար:
Իսկ դժգոհությունների արտահայտման հարթակը նույնն է` սոցիալական ցանցերը: Եվ ելնելով ցանցային գնահատականներից, պարզ է դառնում, որ Բեռնար Շալանդին իսկապես դժվար օրեր են սպասվում Հայաստանում:
Ինչեւէ` ե'ւ հաղթանակ, ե'ւ պարտություն Բեռնար Շալանդն արդեն ունեցավ` Հայաստանի ընտրանու հետ: Իսկ առջեւում կարեւոր հանդիպում է սպասվում գերմանացիների հետ: Գերմանիայի ընտրանու որակների մասին ավելորդ է խոսել, այս թիմը միշտ հաղթողի հավակնորդ է: Իսկ ի՞նչ ունենք մենք գերմանացիների հետ խաղից առաջ. իրենց նորամուտը հավաքականում նշող մի շարք ֆուտբոլիստներ, Հենրիխ Մխիթարյան, ում գերմանացիները լավ գիտեն, Յուրա Մովսիսյան, ով կարող է իրեն դրսեւորել շատ լավ, բայց կարող է նաեւ բոլորովին աննկատ մնալ եւ մի մեծ խնդիր Բեռնար Շալանդի համար՝ վնասվածք ստացած Արաս Օզբիլիս: Վերջինս աջ ոտքի վնասվածքի վերջնական ախտորոշման համար Ամստերդամից կմեկնի Հռոմ, սակայն նախնական տվյալներով նա խաչաձեւ կապանների կտրվածք է ստացել, եւ հնարավոր է ֆուտբոլիստը բաց թողնի կես տարի:
Չնայած ստեղծված իրադրությանը, Շալանդը Գերմանիայի ընտրանու դեմ խաղից մեծ սպասելիքներ ունի. ՙԱյժմ ունենք եւս մի հնարավորություն՝ ցույց տալու մեր կարողությունները` շատ ուժեղ թիմի հետ խաղում, եւ ես չեմ բացառում, որ մենք լավ խաղ կցուցադրենք Գերմանիայի դեմ՚,- Շալանդի խոսքը մեջբերում է ՀՖՖ կայքը:
Եվ այսպես, թիմն արդեն սկսել է նախապատրաստվել առաջիկա հանդիպմանը՝ տեղափոխվելով Լոզան մարզական համալսարան: Հավաքականն այնտեղ անցկացրեց ֆիզպատրաստության թեստեր, որոնց արդյունքները մշակելուց հետո յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար կկազմվի անհատական մարզումային ծրագիր: Ինչպես երեւում է, Բեռնար Շալանդը, բացի հատուկ մարտավարական շեշտադրումներ անելուց, յուրաքանչյուր ֆուտբոլիստի ուժեղ կողմերն է ուզում գործի դնել: Բայց խնդիրն այն է, որ հենց ֆիզիկական պատրաստվածությունն է, որ մեր հավաքականի համեմատ գրեթե միշտ առավելությունը մրցակցինն է դարձնում, եւ այս խնդիրը անհնար է օրերի ընթացքում լուծել:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

