Կնոջ մասին խոսել, խոսում ու շարունակում են խոսել ամենքն ու ամենուր, իսկ երբ կնոջը վերաբերող թեմաներն իրենց արտահայտումը ստանում են արվեստում, արդյունքն առավել խորհրդավոր ու առեղծվածային է դառնում:
Դեռեւս 19-րդ դարի սկզբին Եվրոպայում բացահայտվեցին Արեւելքի նոր գաղտնիքները եւ առեղծվածները, որոնցից ամենագայթակղիչը հարեմն էր` դրախտի մասին երազի մարմնացումն աշխարհի վրա: Եվրոպացի արվեսագետներն իդեալականացնում էին այդ անծանոթ եւ շատ առումներով փակ աշխարհը: Երվանդ Քոչարը նույնպես անդրադարձել է այս թեմային: Արեւելյան կնոջ հմայքով հրապուրված` արվեստագետը ստեղծել է կանանց կերպարների սքանչելի շարք, որոնցից եւ ոչ մեկի բնօրինակն այսօր Հայաստանում չէ: ՙՑավոք, իրագործելի չէ Քոչարի կտավների բնօրինակը մեր թանգարանի պատերի ներսում այցելուներին ներկայացնելը: Նույնիսկ ժամանակավոր ցուցադրությամբ այս կամ այն կտավը մեզ մոտ հասցնելու համար ահռելի գումարներ են պահանջվում, հատկապես այն կտավների համար, որոնք այսօր ներկայացվում են արտասահմանյան մասնավոր հավաքածուներում՚,- մտահոգված է Ե. Քոչարի թանգարանի տնօրեն ԼԱԼԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ-ՔՈՉԱՐԸ: Նշենք, որ Քոչարի ՙԱրեւելուհիներ՚ կտավի բնօրինակն այսօր գտնվում է Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի ՙՄոդեռն հարճեր՚ սրահում: 2013 թվականի հոկտեմբերի 22-ից Քոչարն իր այս կտավով 78 տարվա ընդմիջումից հետո կրկին ընկերների կողքին է` Մատիս, Պիկասո, Ման Ռեյ եւ շատ ուրիշ արվեստագետներ: Հայաստանում այդ կտավի, ցավոք, կրկնօրինակն է: ՙՔոչարն իր ՙԱրեւելուհիներով՚ հակադրվում է եվրոպացի արվեստագետների ստեղծագործություններում տարածված հարեմի կնոջ կերպարին, ով պատկերված է երբեմն հիմարավուն, քիչ թախծոտ, ինքնագոհ կամ չափազանց քաղցրավուն քնքշությամբ… Քոչարը ֆոնային տարբեր երանգավորմամբ պայմանական սահմանագծով նկարը բաժանում է երկու մասերի` իրական եւ անիրական աշխարհների: Նկարի ձախ կողմում` կապտավուն ֆոն ունեցող իրական աշխարհի հատվածում, պատկերված է փափկասուն ձեռքով, անհույզ հայացքով չքնաղ կնոջ պառկած ֆիգուր: Անիրական աշխարհին համապատասխանող աջ հատվածում կնոջ հոգեվիճակի պատկերն է, որը խորունկ ողբերգական հայացքով մի ձեռքով պահել է գլուխը` թիկն տալով մյուսին՚,- մեկնաբանում է կտավը` ֆիզիկոս, գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական փորձաքննության բաժի պետ ԱԼԵՔՍԱՆ ՇԱՀԽԱԹՈՒՆԻՆ: Նշենք նաեւ, որ այս նկարով Քոչարը կրկին անդրադառնում է մարդկային հոգու եւ մարմնի ներդաշնակության հավերժական պայքարի թեմային: ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ