ՙՙՈԳԵԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ` ՏԱՃԱՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Արխիվ 12-16Մոսկվաբնակ եզդի գործարար ՄԻՐԶԱ ՍԼՈՅԱՆԻ հետ հանդիպումը` նրա առաջարկությամբ, կայացավ եզդիական սրբավայրում` զիարատում: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ համայն աշխարհի եզդիների առաջնորդ Միրե Միրա Թահսին բեկի հանդիսապետությամբ տեղի ունեցավ սրբատեղիի օծումը եւ սեպտեմբերի 29-ը հռչակվել է սրբատեղիի օր, որը նշվելու է ամեն տարի:
-Պարո°ն Սլոյան, ինչ է նշանակում սրբատեղիի օրը: Այն ուխտագնացություն է, հանդիսությո±ւն: Մի վերջին հաշվով, ի±նչ:
- Ես կարծում եմ, որ այն առաջին հերթին ուխտագնացություն է, որ հայաստանցի յուրաքանչյուր եզդի` իր սրտի կամոք հիշի այս օրը եւ գա իր աղոթքը կատարելու Ակնալճում գտնվող սրբատեղիում: Ինչպես ցույց տվեցին անցած երկու տարիները, հազարավոր մարդիկ են այցելում սրբատեղի եւ բնական է, որ այդ օրը հանդիսություն է լինում. օրհնության եւ բարեմաղթանքի խոսքեր են հնչում, մարդիկ միմյանց հետ աղուհաց են կիսում: Այն արդեն դարձել է ոչ միայն հայաստանաբնակ, այլեւ Ռուսաստանում ապրող եզդիների տոնացույցի անբաժանելի մասը:
- Գտնվելով Ձեր սրբատեղիում, տեսնում ենք, որ սեպտեմբերի 29-ից դեռ ամիսներ առաջ այստեղ եք: Եթե հակիրճ լինենք` ի±նչ է կատարվում այստեղ:
- Գաղտնիք չէ, որ հայ եւ եզդի ժողովուրդների միջեւ անխախտ բարեկամություն է ձեւավորվել եւ ցանկացա, որ մեր սրբատեղիում այդ բարեկամությանը նվիրված հուշարձան լինի: Մեր երկու ժողովուրդներին առնչվող խորհրդանիշներով հուշարձան կստեղծվի, որի բարձրությունը կլինի շուրջ 5 մետր: Այդքան վեր կխոյանա հայկական խաչը, իսկ այն կգրկի եզդիական արեւը: Հուշարձանը կունենա հայկական խոյակների եւ եզդիական սիրամարգի պատկերները: Հուսով եմ, որ վերջնական արդյունքում գեղեցիկ ու խոսուն հուշարձան կունենանք, որը եւս մի սրբավայր կլինի բոլոր նրանց համար, ովքեր գնահատում եւ փայփայում են այդ բարեկամությունը:
- Ինձ հուշում են, որ այս հուշարձանի շուրջը կլինեն նաեւ այդ բարեկամությունը կրող անվանի մարդկանց քանդակները: Ովքե±ր են նրանք:
- Բոլորին է հայտնի, որ մեր ժողովրդի արժանավոր զավակները կարողացել են միմյանց հետ ջերմ բարեկամական, ընկերական կապեր հաստատել եւ դրա միջոցով ավելի է ամրացել մեր ժողովուրդների կապը: Մենք մտածեցինք, որ բարեկամության հուշարձանի երկու կողմից պետք է լինեն այդ բարեկամությունը կրողների արձանները` մասնավորապես, Ուսուբ բեկի եւ Անդրանիկ զորավարի: Ուսուբ բեկը մեր ժողովրդի արժանավոր զավակներից է` ցեղապետ, հայոց առաջին խորհրդարանի անդամ, համայն աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչը Կովկասում, բարի ու ջերմ մարդ: Նրան եզդիները, իր կենդանության օրոք, ՙԿակո՚` հայր էին ասում, հարգում եւ գնահատում: Ի դեպ, այս աշնանը` մեր տոնակատարության օրերին լրանում է նրա ծննդյան 145-ամյակը: Բարեկամության հուշարձանի մյուս կողմում կլինի Անդրանիկ զորավարի արձանը, որպես եզդի ժողովրդի լավագույն եւ գնահատող մարդկանցից մեկի, ով մինչեւ վերջ` Հայաստանից իր հեռանալը պահեց, փայփայեց այդ ամենը: 1919 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղի ունեցավ Անդրանիկի եւ եզդի ժողովրդի մյուս զավակի` Ջհանգիր աղայի` Մայիսյան հերոսամարտի հերոսներից մեկի հետ վերջին հանդիպումը (Անդրանիկ զորավարը Ջհանգիր աղայի հարսանիքի քավորն է եղել): Ի դեպ, այս տարի լրանում է Ջհանգիր աղայի ծննդյան 140-ամյակը: Նրա արձանը կտեղադրվի հուշարձանային համալիրի հարեւանությամբ:
- Պարոն Սլոյան, տեսնում ենք, որ եւս մեկ քարի վրա խորաքանդակ է ծնունդ առնում: Ի±նչ է լինելու այն:
- Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը թրծել է Մեծ եղեռնը, որի տարիներին 1.5 միլիոն հայերի կողքին կոտորվել են հարյուրհազարավոր եզդիներ: Հայոց եղեռնի 100-ամյակին ընդառաջ կուզենայինք, որ մեր սրբատեղիում դրվեր եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:
- Այս ամենից բացի սրբատեղին անընդհատ փոխում է իր տեսքը: Ի±նչ նպատակներ ունեք այս առումով:
- Ինչպես համոզվեցիք, սրբատեղիի տարածքը բավականին ընդարձակվել է: Արդեն սկսել ենք բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները: Ողջ տարածքում` լայնքով ու երկայնքով բարդիներ եւ մշտադալար ծառեր ենք տնկել: Իմ պատկերացմամբ, մեր սրբատեղիին նաեւ հնարավորություն պետք է տաք այցելուներին ոչ միայն գալ, աղոթել, այլեւ հանգստանալ, վայելել այստեղից բացվող Արարատ սարի գեղեցկությունը:
- Պարո°ն Սլոյան, Ձեր սրբավայրն ունի իր կամարը: Ինչո±ւ այսպիսի մուտք:
- Սրբավայրերը, որպես կանոն ունեն իրենց կամարները եւ մենք ցանկացանք, որ մեր սրբատեղին եւս այդ առումով բացառություն չլինի, չնայած սրբատեղիի մուտքն ավելի վերեւից է սկսվում, որտեղ գտնվում է մեր կրթամշակութային կենտրոնը: Այն հոկտեմբերից կսկսի գործել: Մտածում ենք, որ մեր սրբատեղին կունենա իր հոգեւոր սպասավորը: Ավելի քան վստահ եմ, որ մեր կենտրոնը կնպաստի ազգային մշակույթի, կրթության զարգացմանը:
- Մի առիթով Դուք ասել եք, որ Ձեզ համար դժվար է եղել բռնել դեպի տաճար տանող ճանապարհը…
- Իսկապես, այն ինձ համար հեշտ չի եղել: Կարծես թե իմ ողջ կյանքի` շուրջ 7 տասնամյակի ընթացքում մտովի քայլել եմ այդ ճանապարհով եւ այսօր այդ ամենն իրականություն է: Ավելի քան վստահ եմ, որ Հայաստանում գտնվող եզդիական սրբատեղին ավելացրել է աշխարհում պակասող բարությունը, իսկ եզդի ժողովրդի շատ զավակների համար դարձել է հույսի եւ հավատի տաճար:
Զրույցը վարեց Կ. ՏԻՏԱՆՅԱՆԸ
Արմավիր, Ակնալիճ-Երեւան

