ԻՆՉՈՒ ԵՆ ԱՂՄԿՈՒՄ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԸ
Արխիվ 12-16ԻՆՉՈՒ ԵՆ ԱՂՄԿՈՒՄ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԸ
Հատկապես վերջին մեկ-երկու օրերին հայաստանյան արեւմտամետները մեկ մարդու պես ձայնները գլուխներն են գցել Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կողմից Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու հայտնի հայտարարության առնչությամբ: Հասկանալի է` այս միաժամանակյա արվող վայնասունի գրեթե նույն տեքստը հազիվ թե մեկ ընդհանուր կենտրոնի ծագումնաբանություն չունենա: Բայց ոչ այնքան այդ հայտնի փաստն է հետաքրքիր, որքան այն, որ այդպես էլ Նազարբաեւի հետ կապված լացուկոծից հետո մեր արեւմտամետները չեն կարողանում բացատրել, թե ի վերջո որն է իրենց ուզածը: Ավելի ճիշտ` միայն ակնարկներ են հնչեցնում, բայց էլի իրենք իրենց հակասելով:
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ
Այսպես` նախ հիշեցնենք, որ մայիսի 29-ին, երբ Աստանայում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության հիմնադրման պայմանագիրը ու ընդունվեց որոշում, ըստ որի Հայաստանը մինչեւ այս ամսվա վերջը կմիանա դրան, Նազարբաեւը հայտարարեց, թե մեր երկրի անդամակցությունը կարող է տեղի ունենալ ՄԱԿ-ում ճանաչված սահմաններով, այսինքն` առանց ԼՂՀ-ի: Ընդ որում, նա հնչեցրեց նաեւ Իլհամ Ալիեւի գրությունը, որում մատնանշվում էր, թե Հայաստանը այլ միջազգային կառույցների, այդ թվում` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն ¥ԱՀԿ¤ անդամակցել է նույն սահմաններով:
Ամեն ինչ առավել քան պարզ էր, ընդ որում, այդ պահին էլ ակնհայտ էր, որ սա Հայաստանի համար էլ է ամենաձեռնտու տարբերակը: Այն առումով, որ առաջներում Նազարբաեւը շատ ավելի կոշտ պահանջների մասին էր ակնարկում, որ Եվրասիական եւ Մաքսային միություններին անդամակցելու պարագայում Հայաստանի եւ Ղարաբաղի մեջ պետք է լինեն մաքսային սահմաններ: Այս դեպքում այդ մասին բառ անգամ նա չհնչեցրեց: Ավելին. եթե նա եւ Ալիեւը օրինակ են բերում ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցությունը, ապա, չմոռանանք, որ դա եւս ոչ մի պարագայում չէր ենթադրում ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսային սահմաններ: Ավելի կոնկրետ` ինչպես ԱՀԿ-ին, այնպես էլ, ինչպես երեւում է Նազարբաեւի խոսքերից, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պարագայում ԼՂՀ-ի հետ ունեցած սահմանային հարցը պարզապես անտեսվում է, այսինքն` ղարաբաղյան թեման մնում է իր ներկայիս ՙկարգավիճակում՚` Մինսկի խմբի քննարկումների օրակարգում: Ընդ որում` մոտավորապես նույնն են այս օրերին հաստատում տարաբնույթ ռուսական աղբյուրները եւս` վստահեցնելով, որ Ղարաբաղի շուրջ առկա ներկայիս ստատուս-քվոյի պայմաններում էլ տեղի է ունենալու Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը, եւ այդ գործընթացին խոչընդոտող որեւէ քիչ թե շատ լուրջ հանգամանք պարզապես գոյություն չունի:
Եվ ահա այս առավել քան պարզ իրավիճակում էլ մեր արեւմտամետներն անցան գրոհի: Իհարկե` ուղղակի մեղադրանքներ, թե ինչու է Հայաստանն առանց ԼՂՀ-ի մտնում Եվրասիական միություն, չէին կարող հնչել, քանի որ այդ դեպքում արեւմտամետները պետք է նաեւ բացատրեին, թե այդ ինչո±ւ է վերջին 23 տարիներին Հայաստանն իր ներկայիս իրավաբանական սահմաններով անդամակցել հազար ու մի միջազգային կառույցների, այդ թվում` ՄԱԿ-ին:
Ընդ որում, այդ բոլոր անդամակցությունները չեն ազդել Ղարաբաղի ստատուս-քվոյի վրա ու այդ դեպքում ինչո±ւ պետք է Եվրասիական միությանն անդամակցությունը նման էֆեկտ ունենա: Այսպիսով արեւմտամետների նախնական ակնարկները, թե այդ անդամակցությանը կհաջորդի Հայաստան-Ղարաբաղ սահմանին մաքսակետերի տեղադրում, երկար կյանք չունեցան, ու, թերեւս, դրա անհեռանկարայնությունը գիտակցելով` ներքին քարոզչությունն սկսեցին շուռ տալ այլ հունով, թե ռուսներն իրականում չեն ցանկանում Հայաստանը մտցնել Եվրասիական միություն եւ այս ամբողջ խաղը սարքել են, որպեսզի Ադրբեջանին տանեն այդ ուղղությամբ եւ Ղարաբաղն այստեղ սովորական խայծ է: Այլ կերպ ասած` ընդդեմ Հայաստանի ընթանում է ՙռուս-թուրքական դավադրություն՚, ինչպես որ երեկ արտահայտվել էր ՙՆախախորհրդարան՚ կոչվող կառույցը, կամ ՙմեծն՚ Դավիթ Շահնազարյանի բնորոշմամբ. ՙԵթե Ադրբեջանը անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, ապա Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչի` հանուն այդ անդամակցման: Մենք ընդամենը գործոն ենք, որն այս առեւտրի ժամանակ կարող է զիջվել Ադրբեջանին՚:
Լավ, բայց այդ դեպում այդ ո±ր տրամաբանությամբ է նույն ՙՆախախորհրդարանը՚ կոչ անում Հայաստանին` հեռու մնալ ՙմեռելածին Եվրասիական տնտեսական միությունից՚: Եթե այն ՙմեռելածին՚ է, այսինքն` գոյություն չունեցող, ապա էլ ինչո±ւ են վախեցել, թե դրանում ՙՀայաստանի ներառումը աղետալի հետեւանքներ կունենա մեր պետության եւ ազգի համար՚, կամ թե Թուրքիան եւ Ադրբեջանը եւս կարող են անդամակցել դրան: Կամ եթե Շահնազարյանի տրամաբանությամբ Եվրասիական միությունն այն կառույցն է, հանուն որին անդամակցելու Ռուսաստանը կարող է այս կամ այն լուծումը տալ ղարաբաղյան հարցին, ապա այդ ի±նչ խելքով է նա խորհուրդ տալիս հեռու մնալ այդ Միությունից, որ Ադրբեջանը մեզանից առաջ ընկնի եւ Ռուսաստանն էլ Ղարաբաղի հարցում կողմնորոշվի նրա օգտին: Չէ որ դրա նախադեպն ունեցել ենք, երբ 1991-ին Դ. Շահնազարյանի խնամին` Լ. Տեր-Պետրոսյանը ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում ներդրեց ԽՍՀՄ-ից դուրս գալու կուրս, որից հետո կարճ ժամանակում կորցրինք Գետաշենը, Շահումյանը եւ Մարտակերտի կեսը: Սա դեռ այն օրերին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվում էր եւ Ռուսաստանը բավականին թուլացել էր: Բայց չէ որ հիմա, երբ նույն Շահնազարյանի բնութագրմամբ. ՙՆախկին Խորհրդային միության տարածքում ավարտվել է հետխորհրդային շրջանը, եւ մենք մտել ենք արդեն պատմական մի այլ փուլ՚, այսինքն, երբ Ռուսաստանի դիրքերը շատ ավելի ամուր են, ապա Մոսկվայի կողքին չկանգնելը միանշանակ կդառնա ողջ Ղարաբաղի կորուստ: Թե Շահնազարյանի հույսը ամերիկացիներն են: Բայց չէ որ ընդամենը օրեր առաջ ամերիկյան բարձրաստիճան մի շարք չինովնիկներ մեկը մյուսի ետեւից հայտարարեցին, թե առնվազն ազատագրված տարածքները պետք է վերադարձնել Ադրբեջանին:
ՄԵԿ ԷԼ ԱԼԻԵՎՆ Է ԵՐԱԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՏՄ-ԻՑ ՀԵՌՈՒ ՊԱՀԵԼ
Մի խոսքով` Ղարաբաղի անունը խաղարկելով մի վերջին փորձն է արվում Հայաստանին Եվրասիական միությունից հեռու պահելու համար, ինչպես որ 1991թ. նույն Ղարաբաղյան շարժումը շուռ տրվեց Հայաստանին ԽՍՀՄ-ից հեռու պահելու գերնպատակին: Այն ժամանակ ստացվեց եւ, կրկնում ենք, մազ էր մնում, որ Ղարաբաղը կորցնեինք, ու հիմա էլ, եթե ստացվի, հաստատ այդ մազն էլ չի մնա:
Չնայած խնդրին կարելի է շատ ավելի պարզ կողմից մոտենալ: Նույն Նազարբաեւի հայտարարությունն ու Ալիեւի հիշատակված նամակը անշուշտ մեկ հիմնական իմաստ ունեն. վերջին անգամ փորձել Հայաստանին Եվրասիական միությունից հեռու պահել` նաեւ այդ միջոցով ներհայաստանյան նման վայնասուն առաջացնելու միջոցով: Պատճառն առավել քան հասկանալի է. Եվրասիական միությանը թեեւ իրավաբանորեն Հայաստանն անդամակցում է իր սահմաններով, սակայն Ալիեւը քաջ գիտակցում է, որ փաստացի Հայաստանի հետ նաեւ Ղարաբաղն է մտնում այդ համակարգ, այսինքն` ռուսական լիակատար ազդեցության գոտի: Կարելի էր վիճակը փրկել պատերազմ սկսելով, ինչի մասին ակնարկներ հատկապես ուկրաինական իրադարձությունների ֆոնին` ԱՄՆ-ից վերջին ժամանակներս հաճախակի էին հնչում: Սակայն Ալիեւը հստակ գիտակցեց, որ դրա արդյունքում ոչ միայն Ղարաբաղն իր վերահսկողության տակ առնելու նվազագույն շանսեր ունի, այլեւ կարող է այս իրավիճակն ավարտվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի անվան տակ ռուսական զինուժի տեղակայմամբ:
Խնդրի լուծման հաջորդ տարբերակը կարող էր լինել դեպի Եվրասիական միություն Ադրբեջանի տեղաշարժի միջոցով: Բայց այս դեպքում արդեն Ալիեւը վտանգի տակ է դնում ոչ միայն իր անձնական եւ պետական այն հսկայական կապիտալը, որը կենտրոնացված է արեւմտյան ֆինանսական հաստատություններում, այլ նաեւ իր հիմնական մենաշնորհները` նավթի եւ գազի առեւտուրը: Թեկուզեւ այն առումով, որ Եվրասիական միությունը ենթադրում է նաեւ դրա անդամների արտաքին տնտեսական գործունեության առնվազն համաձայնեցում: Եվ, վերջապես, այն հսկայական ներդրումները, որոնք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արեւմուտքն իրականացրել է Ադրբեջանում, այդ երկրի էներգետիկ համակարգում արեւմտյան ընկերությունների ներկայիս կշիռը, Թուրքիայի հետ հարաբերությունները, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ սերտ կապերը եւ նմանատիպ մի շարք այլ գործոններ գոնե այս փուլում բացառում են Ադրբեջանի տեղաշարժը դեպի Եվրասիական միություն:
Արդյունքում` մնում էր գոնե ձախողել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը, իսկ Նազարբաեւի հիշատակված հայտարարությունը պարզ ցույց էր տալիս, որ դա էլ է բացառված: Դե երբ սրանից հետո էլ են մեր արեւմտամետները ձայնները գլուխները գցել, թե Հայաստանը չպետք է անդամակցի Եվրասիական միությանը, ինչը մեկին մեկ համապատասխանում է Ալիեւի երազանքներին, ապա արդեն մտածելու այլ թեմաներ էլ են առաջ գալիս: Համենայնդեպս` ազնվազն հասկանալի է, թե ինչու մեր արեւմտամետներն այդքան ծանր տարան Հայաստանում ռուսական դեսպանի այն հուշումը, թե մեր երկիրը պետք է առնվազն թափանցիկ դարձնի դրսից հայաստանյան հ/կ-ների հասցեով եկող գրանտային փողերը...
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

