ՙՀԻՆ ՄԵՌԵԼԸ ՓՈՐՓՐԵԼՈՒ ԱՌԻԹՆ ՈՒ ՊԱՏՃԱՌԸ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ՚
ՙԵս հպարտ չեմ, որ հայ եմ՚: Այս խոսքերն իր ֆեյսբուքյան էջին էր ձոնել ՙԺառանգություն՚ կուսակցության մամուլի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը, այնուհետ փիլոյաբանել, թե ինչ է նա հասկանում այդ խոսքերից, չնայած ՙԺառանգության՚ ներկայացուցչի պարագայում այլ մեկնաբանություններ սպասելի էլ չէր: Թե արդյոք նրա կուսակիցները կիսում են այս տեսակետը` հարցով դիմեցինք ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ով քաջատեղյակ էր գրածից. -Եթե դուք կարդաք իր էջի ամբողջ գրվածքը, լրիվ պարզ կլինի, թե ինչի մասին է խոսքը: Ես կարդացել եմ ամբողջը, եւ ինքը բոլորովին այլ բան նկատի ունի: Եթե դուք ուզում եք ինչ-որ բան գրել, լավ եք անում, բայց… - Կարելի Է ասել, որ դա արտացոլում է ՙԺառանգության՚ պաշտոնական տեսակետը:
- Ոչ իհարկե, դա անձնական էջ է: Եթե պաշտոնական լիներ` մենք բան կանեինք: Ինքը լրիվ այլ բանի մասին է խոսում: - Դուք նշեցիք, որ ընթերցել եք եւ համամիտ եք նրա գրածների հետ: - Իհարկե: Նա որեւէ ազգային նվաստացնող բան չի ասում, այլ ինքնաքննադատական, շատ նորմալ խոսքեր են: Այնտեղ հայերին վիրավորող բան չկա, նա ասում է ընդամենը, որ ծագումնաբանությունը չէ էական, այլ` գործերը: - Իսկ ինչպես եք վերաբերվում Ստյոպա Սաֆարյանի անձնական էջում երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների հետ կապված անձնական վիրավորանքներին: - Ես այդ մասին արդեն խոսել եմ եւ գտնում եմ, որ ցանկացած մարդ իրավունք ունի անձնական կարծիք ունենալու, բայց այդ կարծիքը` անկախ ամեն ինչից, պետք է լինի էթիկայի շրջանակներում եւ վիրավորանքներ չպարունակի: - Նշանակում է, որ տվյալ դեպքում այդքան էլ չեք կիսում Ս. Սաֆարյանի անձնական կարծիքը: - Ես նկատի ունեմ բոլորին, այդ թվում` նաեւ ինձ, իսկ տվյալ դեպքում հին մեռելը փորփրելու որեւէ առիթ ու պատճառ չեմ տեսնում: