ՙՄենք մեսիջ ենք ուղարկել հակառակորդին` որ դիրքից կրակեցին մեր զինվորի վրա, այդ դիրքը կարճ ժամանակում գրավելու ենք՚: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, այնուհետ շարունակելով միտքը` ավելացրել, որ միայն այս տարի հակառակորդը մեզ պատճառել է վեց զոհ: Թե արդյոք այս մեսիջը նոր պատերազմ վերսկսելու հավանականություն է ավելացնում, թե` ոչ, հարցին ԼՂՀ նախագահի մամուլի պատասխանատու ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ նշեց, որ նման հավանականություն այդ մեսիջը չի տալիս, եւ որ դա ընդամենը պաշտպանողական նշանակություն ունի: -Այդ մեսիջով Արցախի պաշտպանության բանակն ասում է, որ կդիմի համարժեք քայլերի, եթե հակառակորդը կփորձի խախտել զինադադարի ռեժիմը:
- Իսկ եթե այս մեսիջն ավելի շուտ ասվեր, հնարավոր էր չունենայինք այդ վեց զոհերը: - Հարցն այն է, որ արցախյան կողմը միշտ ունեցել է ընդգծված կառուցողական դիրք եւ չէր ուզում իրավիճակը բարդացնել: Նույնիսկ ժամանակին եղել են դեպքեր, երբ հրաման է տրվել առհասարակ չպատասխանել նրանց սադրիչ գործողություններին: Բայց ներկա դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ ագրեսորին սանձելու միակ ձեւը ավելի ուժեղ ուժն է, որի համար էլ նման հայտարարություն է արվել: - Ինչպես եք գնահատում Նուրսուլթան Նազարբաեւի մեսիջը: - Գիտեք, կարծում եմ, որ չափազանց շահարկում են ինչ-որ հայտարարություններ, որոնք այդքան վտանգ չեն ներկայացնում իրենցից` մոռանալով ավելի կարեւոր զարգացումների մասին: Կամ ի±նչ է ասել Նազարբաեւը, նա ընդունել է, որ Հայաստանն ու Արցախը տարբեր պետություններ են, իսկ այդտեղ ինչ վատ բան կա: Ասել է, որ ՀՀ-ն պետք է անդամակցի Եվրասիական միությանն այնպես, ինչպես առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Հայաստանը 11 տարի է ԱՀԿ անդամ է, ինչ նոր մաքսակե±տ է բացվել, թե± Արցախի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Չի կարելի այսքան շահարկել, որի արդյունքում մոռանանք կարեւորների մասին ու սկսենք խոսել երկրորդական բաներից` հատկապես մեր իրավիճակում: Մեզ համար վտանգ է Ադրբեջանը, այլ ոչ թե Նազարբաեւը: