Հունիսի 8-ին Գորիս եւ Ջերմուկ քաղաքներում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Առաջին հայացքից թվում է, թե Գորիս քաղաքում կրքերն ավելի շատ են լինելու, քան Ջերմուկում, սակայն այստեղ եւս լարված իրավիճակ է:
Թեկնածուները, որոնք պետք է իրար հետ մրցեն, գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը եւ ՙՋերմուկշին՚ ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանը, ըստ տեղացիների, ընկերներ են եղել, ավելին` նույնիսկ նրանց մոտ քավորսանիկական հարաբերություններ էլ կան: Սակայն, կրկին ըստ ջերմուկցիների, այդ կիսաբարեկամական ու ընկերական հարաբերությունները գնալով լարվել են` ոչ ավել ոչ պակաս, Ազգային ժողովում ժամանակ առ ժամանակ ՙգաստրոլներ՚ տվող պատգամավոր Աշոտ Արսենյանի թեթեւ ձեռքով, ով մի լավ մատ է թափ տվել իր ՙՋերմուկ գրուպ՚ ընկերության աշխատակիցների վրա ու ահաբեկել` ասելով, եթե իր թեկնածուին` Վարդան Հովհաննիսյանին ձայն չտան, վատ է լինելու: Արսենյանին օգնության է հասել նաեւ գործող քաղաքապետի եղբայրը` Զավեն Հովհաննիսյանը, ով, ի դեպ, Ջերմուկ քաղաքի էլցանցերի պետն է, նա եւս իր հիմնարկում նույն զգուշացումն է արել, իսկ հակառակ դեպքում` այս երկուսն էլ խոստացել են մարդկանց ազատել աշխատանքից: