Կինոռեժիսոր. «ՉԷԻ ԷԼ ՍՊԱՍՈՒՄ, ՈՐ ՄՐՑԱՆԱԿ ԿՍՏԱՆԱՄ, ԱՅՆ ԷԼ` ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՑ»
Արխիվ 12-16Կինոռեժիսոր. «ՉԷԻ ԷԼ ՍՊԱՍՈՒՄ, ՈՐ ՄՐՑԱՆԱԿ ԿՍՏԱՆԱՄ, ԱՅՆ ԷԼ` ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՑ»
Յուրաքանչյուր անհատ, անկախ այն հանգամանքից՝ հաշմանդամություն ունի՞, թե՞ ոչ, հասարակության լիարժեք անդամ է: Այս գաղափարն է կրում երիտասարդ ռեժիսոր ԺԱՆՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ առաջին ֆիլմը՝ «Նա, ով մեր կողքին է», որը միանգամից արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: Վերջերս ունեցած այս հաջողությունների, նպատակների ու առաջիկա ծրագրերի մասին «Իրավունքի» հետ զրույցում պատմեց ասպարեզում նոր-նոր քայլեր անող ռեժիսորը:
- Ժաննա, Ինչո՞ւ որոշեցիք այս ֆիլմը ներկայացնել հանրապետության նախագահի 2013 մրցանակին:
- Գիտեք՝ երբ գաղափար ունես, որն անպայման ուզում ես էկրանավորես, օր ու գիշեր մտածում ես՝ ինչպե՞ս անել, ո՞ւմ դիմել խորհրդի համար: Այլևս չես էլ ծրագրավորում, թե հետագայում ինչ ես անելու այդ ֆիլմը: Միայն մեկ նպատակ ես ունենում այդ պահին՝ հասարակությանը հասցնել այն կարևոր գաղափարախոսությունը, որ կրում է ֆիլմդ, հաղորդագրություն տալ: Որևէ արձագանք չես էլ ակնկալում: Եվ ահա, ստացվեց այնպես, որ ֆիլմն ավարտելուց հետո այն ներկայացրի թատերական ինստիտուտում, որտեղ սովորել էի չորս տարի, ու ավարտում էի արդեն: Իմ դասախոս Հարություն Զուլումյանի առաջարկով էլ այն մրցույթի ներկայացրի, ու չէի էլ սպասում, որ մրցանակ կստանամ, այն էլ՝ հանրապետության նախագահից: Հավատացեք՝ 20 տարեկանում նման բարձունքի հասնելը նախ ոգևորող է, ապա՝ պարտավորեցնող:
- Այսինքն՝ սա նաև որոշակի առումով առաջ մղող, խրախուսո՞ղ էր: Կա՞ն արդեն նոր գաղափարներ, որ էկրանավորելու եք առաջիկայում:
- Սա իմ առաջին լուրջ աշխատանքն էր: Ֆիլմի ստեղծման ընթացքում շատ մեծ աջակցություն է ցուցաբերել ընտանիքս և, իհարկե, իմ վարպետ Ռուբեն Գրիգորյանը: Արդեն ունեմ նկարահանած նոր ֆիլմ, որը
կարճ ժամանակ հետո կներկայացնեմ հանդիսատեսի դատին: Այս ամենից զատ՝ ունեմ ևս երկու գաղափար, որոնց համար ուզում եմ այս ամառ աշխատանք իրականացնել, հուսով եմ՝ ամեն ինչ բարեհաջող կլինի:
-Ժաննա, քանի որ նոր եք ավարտել թատերական ինստիտուտը, կպատմե՞ք՝ ինչո՞ւ որոշեցիք ընտրել ռեժիսորի մասնագիտւթյունը:
- Սկզբում ուզում էի հոգեբան դառնալ: Նույնիսկ` արդեն պատրաստվում էի այդ ուղղությամբ, բայց հետո սկսեցի տատանվել: Սիրում էի այս գործը, քանի որ ընտանիքիս բոլոր անդամներն առնչվում են կինոոլորտի հետ:Մանկուց այս ամենի մեջ եմ եղել՝ անընդհատ նկարահանումներ, մոնտաժներ, ու ֆիլմային իրարանցում… Հիմա արդեն չեմ էլ կարող ասել, թե ինչու ընտրեցի ռեժիսուրան, բայց մեկ է՝ շատ ուրախ եմ ճիշտ ընտրություն կատարելու համար: Անկախ մասնագիտությունից՝ յուրաքանչյուր մարդ իր կռիվն ունի, իր գաղափարախոսությունն ունի, իր ասելիքն ունի ու ուզում է, որ դա հասնի հնարավորինս շատ մարդկանց, որ իր գաղափարներով դրական փոփոխություն ու տեղաշարժ նկատվի: Վստահ եմ, մենք, երիտասարդներս, հատկապես տեխնիկական այս ժամանակաշրջանում, կգտնենք այդ տարբերակը՝ ինչ էլ լինի:
- Դուք գտաք տարբերակ՝ ֆիլմի տեսքով, ասելու Ձեր վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին: Դա նաև մեծ գնահատանքի արժանացավ: Ինչո՞ւ երիտասարդ ռեժիսորին հուզեց ու մտահոգեց այս թեման:Մի փոքր կներկայացնե՞ք «Նա, ով մեր կողքին է» ֆիլմը:

- Այդ խնդիրը, կարծում եմ, շատ շատերին է մտահոգում: Անկախ ամեն ինչից՝ յուրաքանչյուր ոք պետության մեջ պետք է իրեն լիարժեք ու պաշտպանված զգա, պետք է դրսևորվելու հնարավորություն ունենա: Դավիթը՝ ֆիլմիս հերոսը, հաշմանդամություն ունեցող երիտասարդ է՝ ստեղծագործ մտքով: Նրա միջոցով ուզում էի վերհանել այս խնդիրը, որ մեր կողքին ապրող ու ստեղծագործող յուրաքանչյուր ոք, պետք է չհանդիպի մերժողականության, չանտեսվի: Ես հույս ունեմ, որ իմ ֆիլմի միջոցով կկարողանամ որևէ կերպ աջակցել նրան, և ընդհանրապես՝ նպաստել, որ մարդիկ մի պահ կանգ առնեն և մտածեն նրանց մասին, ովքեր ապրում են հենց մեր կողքին:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

