ՙԵՍ ԱՅՍՕՐ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻՆ ՏԵՍԱ ՉԱՓԻՑ ԱՌԱՎԵԼ ԵՐՋԱՆԻԿ...՚
Կրկին հնչեց մանսուրյանական մեղեդին. այնքա¯ն բարձր, այնքա¯ն ջերմ ու խոսուն… Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը հյուրընկալել էր կոմպոզիտորի արվեստի երկրպագուներին, ընկերներն, հարազատներին ու պարզապես մարդկանց, ովքեր իրենց արժանացրել էին մաեստրոյին հոբելյանական` 75-րդ տարեդարձին նվիրված երեկոյին ներկա լինելու պատվին:
Դահլիճում տարածված դրականությամբ համակվել էին ամենքը, ու կարծես ամենքն էին ուզում իրենց խոսք-մաղթանքը ուղղել դեպ օրվա գլխավոր հասցեատերը` ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ: ՙԻրավունքի՚ հետ զրույցում կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ խոսելով մեծն կոմպոզիտորի` կենդանի լեգենդի մասին ասաց. ՙԽոր զգացումների մեջ եմ` առանց հորինելու այդ զգացումները: Ես Տիգրանին գիտեմ շատ վաղուց. ուսանողական տարիներից միասին ընթացքի մեջ ենք եւ նրա բազմաթիվ ստեղծագործությունների առաջին քննարկողն եմ եղել, կիսել եմ համոզումները` երբեմն ընդվզելով, երբեմն տարակուսելով: Տեսել եմ, որ իմ առջեւ կանգնած է ոչ պատահական առաքելությամբ ապրող մի անձնավորություն… Հետո սկսվեցին բարդ շրջանները. ինչպես լինում է յուրաքանչյուր մարդու ու հատկապես ստեղծագործող մարդու կյանքում: Ես այսօր Տիգրան Մանսուրյանին տեսա չափից առավել երջանիկ, որովհետեւ նա գտնվում էր իր ունկնդրի, իր հայրենակցի հետ այնպիսի մի հոգեզրույցի մեջ, որտեղ յուրաքանչյուր հնչյուն այսչափ հնչեղ է, նա գտնում է ժողովրդի այն հենարանը, որ օգնում է իրեն ճիշտ կողմնորոշվել արվեստագետի իր առաքելության մեջ: Ես այսօր Տիգրանին տեսա երջանիկ ու տեսա, թե ինչպիսի բովանդակային արժեք է գոյանում նրա մեջ, նրա համոզումների մեջ` վաղվա օրը նոր մի ստեղծագործական նախաձեռնությամբ դիմավորելու համար՚: Հայաստնի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆՆ էլ շնորհավորելով` անկեղծացավ. ՙՇատ սիրում եմ ու շատ կապված եմ թե° մաեստրոյին, թե° իր երաժշտությանը: Համարում եմ, որ մենք, իր դեպքում, ունենք հանճարեղ կոմպոզիտոր: Հանճարեղ` բառ, որն ուղղակի չեմ օգտագործում. Մանսուրյանն այն դեպքն է, երբ մեզ իսկապես հանճարեղության երջանկություն է փոխանցում: Մաղթում եմ կոմպոզիտորին միայն առողջություն. մնացած ամենը նա ունի: Ինքն այնքան աշխատասեր է, անընդհատ ստեղծագործում է, որ հայ ժողովուրդը նորից բախտ ունենա նորանոր ադամանդ-ստեղծագործությունների վայելքի: Իսկ դա նրա գրչի ձեռագիրն է: Մենք նրա շնորհիվ դեռ էլ կհարստանանք՚: Դիրիժորը, խոսելով նաեւ այսօրվա կադրերով կազմված կոմպոզիտորական դաշտի մասին, նկատում է. ՙՉեմ կարող ոչ ոքի համեմատել կամ կցել մանսուրյանական շղթային. Մանսուրյանն անհամեմատելի մեծություն է, բայց երիտասարդների շարքերում կան մի քանի անուններ, որոնք, հուսանք, կդառնան մեծություններ, հուսանք…՚: ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ