ՙԵՍ ՈՒ ԻՄ ՍԵՐՆԴԻ ՄԻ ՔԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԵՆՔ՚
Արխիվ 12-16ՙԵՍ ՈՒ ԻՄ ՍԵՐՆԴԻ ՄԻ ՔԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԵՆՔ՚
Երգիչ, երգահան ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ իր սերնդակից շատ ընկերների նման ասպարեզը թողեց սկսնակներին ու գերադասեց ստվերում աշխատել: Չնայած ՙԻրավունքի՚ հետ զրույցում Տիգրանը հերքեց իր` ստվերում լինելու փաստը, բայցեւայնպես հաստատեց այն` ասելով, որ միայնակ անզոր է պայքարել խորովածաքյաբաբային երաժշտության դեմ:-Ինձ թվում է, այսօր ամեն ինչ իմաստը կորցրել է, ամեն ինչ վերածվել է հարսանիք, կնունք-ծնունդի, ավելին` ռեստորանային ինչ-որ իրավիճակի: Ես ու իմ սերնդի մի քանի ներկայացուցիչներ ռեստորանի համար չենք, դրա համար էլ այսպես ստացվեց: Համենայնդեպս, ձայնային ռեժիսուրան ինձ միշտ դուր է եկել, աշխատել եմ, հիմա ավելի շատ իմ ժամանակը տրամադրում եմ այս ոլորտին, քան` երգելուն:
- Ինչ անել, որ ասպարեզը ՙքյաբաբային՚ որակից դուրս գա:
- Միեւնույն է, վերածվելու է: Չեմ կարծում, որ հնարավոր է վերադաստիարակել գենը, պիտի սերունդներ փոխվեն, որ ինչ-որ բան փոխվի:
- Իսկ ինչը բերեց սրան:
- Հեռուստատեսությունների, ռադիոների շատ մեծ սխալը: Պարզապես, թույլ տվեցին, որ այսօր այդ երաժշտությունը լինի առաջին պլանում: Հիշում եմ` Հանրային հեռուստատեսությունը 15-20 տարի առաջ, այդ ժամանակ մեկը փորձ կատարեր ու խնդրեր, որ իր տեսահոլովակը եթեր տան, եւ երգն էլ լիներ ոչ եթերային` կզննեին երգը, արդյո±ք այն կարելի է եթեր տալ, թե` ոչ... Այսօր տեսահոլովակ նկարահանելը դարձել է խաղ ու պար, ցանկացած մարդ կարող է տեսահոլովակ ունենալ ու նույն Հանրայինով եթեր տալ: Իսկ ռադիոները` վատ երաժշտություն դնելու համար պատրաստ են: Ինչքան կորած, ՙկասետների՚ վրա գրված ձայնագրություններ կան, որ սովորաբար միայն տաքսիներում էր հնչում, հիմա եթերում է, եւ դա նորմալ է համարվում: Այդ խնդիրը մինչեւ պետական մակարդակի վրա չդրվի` չի լուծվի: Ազգը մշակույթով է ներկայանում, մենք այդ դեմքն ունե±նք, այն, ինչ որ եթերներում է դա± է մեր դեմքը: Ինձ թվում է, սա արդեն անվտանգության խնդիր է: Դրա համար եմ ասում, մենակ պայքարել չեմ կարող, ես շատ վաղուց ՙռեվալյուցաներ՚ չեմ, ավելի ուրիշ խնդիրներ կան:
- Այսինքն` այսօր այդ գեղխորհուրդ ասվա±ծն է պակասում:
- Կոմունիզմի օրոք գոյություն ուներ ՙՀայհամերգ՚, որը երբեք թույլ չէր տա, որ եթերում հնչեր ռաբիս: Իսկ հիմա այնքան է ամեն ինչ խառնվել իրար, որ էստրադային երգիչը ռաբիս է երգում, ռաբիս երաժիշտը` էստրադա, ու բնականաբար ստացվում են ՙախմախ՚ բաներ: Մի խոսքով, սխալ հարմոնիաներ, վատ գործիքավորումներ, տեսահոլովակների մասին լռում եմ... Ժամանակին ինչ-որ երգեր էին ծնվում, դրանք երգում էի ես, Հայկոն, Արսեն Գրիգորյանը, Արսեն Սաֆարյանը... Երգեր, որոնք ինչ-որ արժեք ունեին, եւ տեքստերը գրված չէին ու չէին երգվում սխալ շեշտադրությամբ: Ինչ-որ անհասկանալի լեզու է դարձել, դրա համար եմ ասում` անվտանգության հարց է, այսպես աղավաղել լեզուն, ինչ է թե այդ ՙերաժշտությունը՚ գրված է այդպես. իբրեւ մի նոտա այս կողմ, կամ այն կողմ` երգը կփչանա: Այն ժամանակ ընդհանուր տրամադրություն կար, միմյանց ասում էինք` այս ինչ երգը լսեցի±ր, արի նոր երգս ցույց տամ, ու նստում նվագում էինք: Կամ էլ` քննարկում երգի բառերը, այս երգի բառերը թող Ավետը գրի, քանի որ իր մոտ լավ կստացվի, որովհետեւ նա այդ թեման լավ գիտի: Կամ Վարդան Զադոյանը, որովհետեւ նա շատ լավ գիտի իմ հոգեվիճակը ու շատ լավ հասկանում է ինձ` որպես ընկեր... Ու արվում էր այն, ինչ պիտի արվեր: Նպատակ կար, որ լիներ լավ արտադրանք: Լավ երգը լավ երաժշտություն է` լավ գործիքավորում: Իսկ այսօրվա երաժշտությունը ցավոք շատ ծիծաղելի է, որտեղ ժանր գոյություն չունի: Եթերը փչացրել են, այդ եթեր տվողն էլ երեւի չի հասկանում, թե ինչ է եթեր տալիս, այսպես ամեն ինչ խառնվել է իրար: Ժողովուրդն էլ նայում է ու ասում. ՙԴե, եթե սա եթերով ցույց են տալիս, ուրեմն` դա նորմալ բան է՚: Ոչ, նորմալ չէ, եթերը` հեռուստատեսությունը, ռադիոն դաստիարակման մի ձեւ է, բայց ի±նչ է տալիս եթերը: Այսօր մատների վրա հաշված ռադիոներ կան, որ իրոք լավ երաժշտություն են տալիս: Իսկ կնունք-ծնունդային երաժշտությանը ես դեմ չեմ, դա կա ու կլինի, բայց ամեն ինչ պիտի իր տեղում լինի: Ի դեպ, այնպես չէ, որ ձեռքերս ծալել ու նստել եմ ստուդիայում ու մոռացել, որ երգիչ եմ: Կա ձայնասկավառակ, որն արդեն պատրաստ է, ու շուտով կլինի շնորհանդեսը:
- Իսկ տեսահոլովակ:
- Տեսահոլովակ նկարահանելն այսօր այդքան մատչելի բան չէ: Ժամանակին նկարահանեցի 4-5 տեսահոլովակ, այն ժամանակ այդքան թանկ չէր, ու այդ գումարը կար: Իսկ հիմա տեսահոլովակ նկարահանելը 5000 դոլարից է սկսվում, որ մտածում ես` դե լավ, հիմա նկարե±մ: Ավելի լավ է` այդ գումարն իմ երեխաների ու նրանց ուսման վրա ծախսեմ: Շատ կենցաղային բան ասացի, բայց դա փաստ է: Այս ձայնասկավառակը պատրաստ է ու շուտով կլսեք: Ուզում էի` այն համերգային ծրագրի հետ միասին ներկայացնել հանրությանը, բայց այսօր համերգի համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Արսեն Սաֆարյանը վերջերս համերգ ունեցավ, միասին հաշվեցինք, թե ինչ է ծախսվում, ու ինչ է տալիս այն, եկանք այն եզրակացության` ձեռնտու չէ:
- Փաստորեն, դա է պատճառը, որ համերգներ շատ քիչ են լինում, թե այդ ՙքյաբաբային՚ երաժշտությունն է բերել դրան, որ շոու-բիզնեսում միանման երգեր, դեմքեր տեսահոլովակներ են...
- Ճիշտն ասած, արդեն չգիտեմ ինչն է պատճառը, բայց ինձ թվում է, որ ընդհանուր վիճակն էլ ՙքաղցր՚ չէ:
- Ստեղծագործական կյանքում ի±նչ է կատարվում, դադարե±լ եք ստեղծագործել:
- Երբ առավոտյան հեծանիվ եմ քշում, ինչ-որ մեղեդիներ են գալիս. միանգամից ձայնագրում եմ հեռախոսիս մեջ, հետո դրանք բնականաբար ինչ-որ մի բան կդառնան:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

