ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՕՏԱՐՎԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ
Արխիվ 12-16ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՕՏԱՐՎԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ
ՙՀԱՐԵՎԱՆՈՒՀԻՍ ՄԱՔՈՒՐ ԳԻԺ Է՚Երեւանից Սեդան գրում է. ՙՄեր հարեւանուհի Աննան մաքուր գիժ է, բայց ոչ մեկի պետքը չէ: Թաղապետարանն ասում է` մեր գործը չէ, քաղաքապետարանն ասում է մեր գործը չէ, Ոստիկանությունն էլ ասում է, որ տվյալ անձն իրավախախտում չի կատարել եւ խելոք գիժ է: Վախենում եմ, որ մի օր բակի երեխեքին վնաս է տալու: Խնդրում եմ ներկայացրեք. ինչ կարգով պետք է նրան ենթարկել հարկադիր բուժման՚:
-Հարգելի Սեդա, որպեսզի քաղաքացին հարկադիր կարգով բուժման ենթարկվի, անհրաժեշտ է դատարանի կողմից համապատասխան դատական ակտ: Դիմումը տրվում է տվյալ մասնագիտացված հաստատության (հոգեբուժարանի) վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` քաղաքացուն հոգեբուժական հաստատությունում տեղավորելու պահից 72 ժամվա ընթացքում, որը դատարանը պարտավոր է քննել այն վարույթ ընդունելու պահից 5 օրվա ընթացքում: Մի կարեւոր հանգամանք եւս. մի իմաստուն ժամանակին ասել է` խելագարը նա չէ, ով գժություն է անում, այլ նա, ով չի կարողանում այն թաքցնել:
Հոգեկան հիվանդները չպետք է օտարվեն հասարակությունից, այն հաճախ լինում է ձեռքբերովի եւ բուժելի, որին հավասարապես պետք է նպաստեն ոչ միայն հոգեբույժները, այլ նաեւ` հասարակությունը, որի տված ջերմությունը եւ հոգատարությունն էլ դառնալու է հիվանդի գլխավոր բալասանը:
ՈՎ Է ՊԱՐՏԱՎՈՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼ
Լոռու մարզից Արմենը հարցնում է. ում վրա է դրված քրեական գործ հարուցելու պարտականությունը: Վերջինս տեղեկացնում է, որ գիշերը երիտասարդների գոռում-գոչյուններից, հայհոյանքներից, ծեծկռտուքներից հնարավոր չէ տունը հանգիստ նստել, բազմիցս դիմել է գյուղապետին` ասում է` լավ, հաջորդ օրը նորից նույնը կրկնվում է:
-Քրեական գործ հարուցելու եւ հանցագործությունը բացահայտելու պարտականությունը օրենքի ուժով դրված է հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի վրա, որոնք պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել` հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու, յուրաքանչյուր դեպքում օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել` հանցագործություն կատարած անձանց, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար: Տվյալ դեպքում, որպես սկիզբ տեսնում եմ Ոստիկանության` տեղամասային տեսուչի պրոֆիլակտիկ աշխատանքի կարիք, ուստի Արմենին անհրաժեշտ է դիմել կամ զանգել իր համայնքի տեղամասային տեսուչին:
ՙՀԱՐԵՎԱՆՍ ԿԵՐԱՎ
ԻՄ ԹԱՂՄԱՆ ՓՈՂԸ՚
Պարտքով գումար եմ տվել հարեւանիս` մեկ ամսով, 5 տարի է` ասում է մի ամսից կտամ: Դիմեցի դատարան` պահաջս մերժեցին: Այդ փողն իմ թաղման փողն էր: Հարեւանս կերավ, դատարանն էլ պարտակեց: Զանգի հեղինակը Գուրգեն պապիկն է:
-Հարգելի Գուրգեն պապի, եթե իհարկե լսում եք Ձեր հարցի պատասխանը. մենք Ձեզ արդեն տվել ենք հեռախոսազանգով: Ընդամենը կավելացնեմ հետեւյալը. յուրաքանչյուրիս տրված է ազատ խոսելու, արտահայտվելու, կարծիք հայտնելու իրավունք: Սակայն Ձեր մեղադրանքը ուղղված դատարանին` հանիրավի է, քանի որ Ձեր դրվագով ճշտվեց, որ Ձեր հայցը գումար բռնագանձելու պահանջի մասով դատարանի կողմից մերժվել է, քանի որ պատասխանողը միջնորդել է` կիրառելու հայցային վաղեմություն, 3 տարվա ժամկետը բաց թողնելու հիմքով: Դատական ակտը եղել է իրավաչափ, Ձեր կողմից այն չի բողոքարկվել եւ ստացել է օրինական ուժ:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am

