ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԵՂԲՈՐ ՏՂԱՆ ՉԷ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՂԸ
Արխիվ 12-16ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է,
ՈՐ ԵՂԲՈՐ ՏՂԱՆ ՉԷ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՂԸ
Ինչպես հայտնի է Երեւանում հունիսի 1-ի գիշերը դանակահարվել է 22-ամյա երիտասարդ, ում, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, դանակահարել է Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Վերջինս Երեւանի փոխոստիկանապետ ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆԻ եղբոր տղան է:Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում) հատկանիշներով: Հավելենք, որ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մամուլում իրարամերժ պատասխաններ է տվել, մի տեղ նշելով, որ իր եղբոր որդին կապ չունի այդ դեպքի հետ, մեկ այլ տեղ էլ, նշում է, որ վեճի մասնակից եղել է, բայց` ոչ դանակահարող: Թե, ի վերջո, վերը նշվածներից որն է իրականությանը համապատասխանում, փորձեցինք պարզել անձամբ պարոն Օսիպյանից, ով նշեց.
- Իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, որ եղբորս որդին մարմնական վնասվածքներ է հասցրել այդ տղային: Ամեն դեպքում, քննությամբ թող պարզվի: Մեղավորն անպայման կպատժվի, օրենքի առաջ բոլորն էլ հավասար են` ով էլ, որ լինի:
- Այսինքնª Ձեր եղբոր որդին կռվին մասնակցել է, բայց դանակահարողը ինքը չի եղել: Դա է Ձեր կարծիքը:
- Եկեք չշտապենք, չխանգարենք քննությանը: Բայց ես համոզված եմ, որ ինքը մարմնական վնասվածք չի հասցրել:
- Ուզում եք ասել, եթե ամեն դեպքում պարզվի, որ Ձեր եղբոր որդին է դանակահարողը, պատասխանատվություն կկրի:
- Համոզված եմ, որ ինքը չի մարմնական վնասվածք հասցնողը, բայց, նորից եմ կրկնում, բոլորը օրենքի առաջ հավասար են, բոլորը պետք է պատասխան տան օրենքով:
Հավելենք, որ Էրեբունի ԲԿ-ից հայտնում են, որ իրենց մոտ տեղափոխված Վանուշ Ալեքսանյանի վիճակը գնահատվում է ծանր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

