ՙԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԱԾ Է ԵՂԵԼ ԴԵՌ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ 1-2 ԺԱՄ ԱՌԱՋ՚
Գյումրու ծննդատանը հունիսի 1-ին վիճաբանություն է եղել աշխատակիցների եւ ծննդկան 22-ամյա Նարինե Ղուկասյանի հարազատների միջեւ, որի երեխան մահացած էր ծնվել:
Ծննդատան տնօրեն ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում անդրադառնալով վիճաբանության մանրամասներին` նշեց. - Նարինե Ղուկասյանի սկեսրայրը եւ ամուսինը, առանց իմանալու, թե ինչն է եղել երեխայի մահվան պատճառը, սկսել են հայհոյել ծննդատան աշխատակիցներին, եւ եթե ես այնտեղ չլինեի, կծեծեին ծնունդն ընդունող բժշկուհուն: Նարինեն մեզ մոտ ընդունվել է բարձր ջերմությամբ, ինչը ընդունել են նրա սկեսրայրն ու ամուսինը: Ծննդաբերելիս նրա մոտ նկատվել է պտղաջրերի պղտորություն` թարախային բշտիկներով, ինչը ինֆեկցիայի հետեւանք է, եւ երեխան ծնվել է մահացած, ինչը սովորաբար լինում է նման դեպքերում: Նա մահացած է եղել դեռ ծննդաբերությունից 1-2 ժամ առաջ: Ծննդաբերելու պահին պտղաջրերն արդեն կեղտոտված էին, ինչպես նաեւ պորտալարը երեխայի վզին էր փաթաթված: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ