ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Արխիվ 12-16ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Հունիսի 3-ին հանրապետությունում մեկնարկում են միասնական քննությունները: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ ԱՐԱ ԻՍՊԻՐՅԱՆԸ:
Դիմորդները միասնական քննություն կհանձնեն`«Կենսաբանություն»,«Աշխարհագրություն»,«Ընդհանուր պատմություն» առարկաներից: Ա. Իսպիրյանի փոխանցմամբ` հունիսի 3-ի միասնական քննություններին մասնակցում է մոտ 2000 դիմորդ:
«Այս տարի ընդունելության քննությունների ընթացակարգի հետ կապված որեւէ էական փոփոխություններ մենք չունենք: Սակայն ունենք փոփոխություններ որոշ առարկաների շուրջ` թեստերի կառուցվածքում»,- ասաց Ա. Իսպիրյանը:
ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետը նաեւ տեղեկացրեց, որ միասնական քննությունների առաջին փուլի համար հայտագրվել են 12.500 դիմորդ:
Նշենք, որ դիմում հայտերի ընդունման երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 25-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 2-ը: Երկրորդ փուլին կարող են մասնակցել բանակից զորացրվածները, քոլեջի շրջանավարտները, ինչպես նաեւ արտասահմանյան ուսումնական հաստատություններն ավարտող մեր հայրենակիցները:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հ.Գ.- Իսկ թե ինչ փոփոխություններ կան քննական առարկաների հետ կապված, ապա այդ մասին Ա. Իսպիրյանի պարզաբանումները կներկայացնենք «Իրավունք-Հետաքննության» վաղվա համարում:

