ՔԱՌՅԱԿԸ ՈՏՔԸ ԴՐԵԼ ՄԻ «ԲԱԲՈՒՋԻ ՄԵՋ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ՈՒԶՈՒՄ
Արխիվ 12-16ՔԱՌՅԱԿԸ ՈՏՔԸ ԴՐԵԼ ՄԻ «ԲԱԲՈՒՋԻ ՄԵՋ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ՈՒԶՈՒՄ
Ոչ իշխանական քառյակը, եթե մինչ այս միասնական շուրջօրյա հանրահավաք էր ուզում անել, ապա հիմա այդպես էլ չկայացած հանրահավաքը որոշել է հետաձգել մինչեւ աշուն: Երեկ միմյանց հետ չորս ժամ քննարկումներ իրականացնելուց հետո, քառյակին հյուրընկալող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ նշեց. «Չորս քաղաքական ուժերով ընդունեցինք 12 կետից բաղկացած հայտարարություն, որոնք` որպես հրատապ առաջնահերթ պահանջներ, ձեւավորվել են եւ պետք է ներկայացվեն իշխանություններին: Հայտարարության տեքստն ամբողջությամբ պատրաստ է, որոշ խմբագրական աշխատանքներ պետք է արվեն եւ առաջիկայում մամլո ասուլիսով ձեզ կտեղեկացնենք հայտարարության տեքստին»: Ինչպես նաեւ նշեց, որ միասնական հանրահավաք, ի վերջո, կանեն աշնանը: ՙԻրավունքի՚ այն հարցին, թե այս երեք ամիսների արդյունքներից կախված, հնարավո՞ր է քառյակն էլի ետ կանգնի հանրահավաք անելու մտքից, Ռ. Հակոբյանը հավելեց. «Մենք բոլոր դեպքերի համար նախատեսել ենք հանրահավաք, որովհետեւ հանրահավաքը կլինի` ինչ-որ տեղ հաշվետվություն մեր այս պահանջների, քիչ հավանական եմ համարում, որ որեւէ զարգացումների դեպքում չկայանա հանրահավաքը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

