ԼՂ-ն դե ֆակտո կմտնի Մաքսային միություն
Արխիվ 12-16
ԼՂ-ն դե ֆակտո կմտնի Մաքսային միություն
Հունիսի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղը չի մտնելու Մաքսային միություն, որովհետև իրավական տեսակետից Լեռնային Ղարաբաղը աշխարհի կողմից ընդունված պետություն չէ. «Բայց կոնկրետ այս դեպքում ԼՂՀ-ն Հայաստանի հետ է, և կարծում եմ, որ ավելի լավ պայմաններ են ստեղծվում մեր հետագա խնդիրները լուծելու համար»:
Հարցին, թե նշանակում է արդյո՞ք իր ասածը, որ ԼՂ-ն դե ֆակտո կմտնի Մաքսային միություն, իսկ դե յուրե` ոչ, Գ.Սահակյանը պատասխանեց. «Իհարկե: Նրա ամբողջ ապրանքաշրջանառությունը, ներդրումները, բոլորը… ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում կլինեն»:
Լրագրողների հարցին, թե Սերժ Սարգսյանը չի ստորագրի Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը, Գալուստ Սահակյանն ասաց. «Սերժ Սարգսյանը կստորագրի, և Ղարաբաղը Հայաստանի հետ միասին, ինչպես այսօր, իր առևտրական, տնտեսական կապերի առումով նույնությամբ կմասնակցի բոլոր այն խնդիրներին, ինչին մասնակցում է մեր երկիրը»:
Ղազախստանի և Ադրբեջանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևն ու Իլհամ Ալիևը արդյո՞ք չեն խոչընդոտի այդ գործընթացներին հարցին, Աժ նախագահն ասաց. «Ոչ թե Նազարբաևը, այլ Եվրասիական տնտեսական միությունը որևէ նման ծրագիր չի կարող առաջացնել և ոչ էլ նման խնդիրներ կարող է քննարկել: Մենք պիտի ուղերձներն ու լուրջ դիվանագիտական աշխատանքները տարբերենք: Ղազախստանն ու Ադրբեջանը բավականին բարեկամական հարաբերությունների մեջ են, և դիվանագիտության մեջ կամ նման ֆորումներում հնարավոր է մեկը մյուսին նման մեսիջներ անեն»:

