«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍԱՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ 10-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԻՐ ԱՎԱՐՏԻՆ
Արխիվ 12-16«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍԱՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ 10-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԻՐ ԱՎԱՐՏԻՆ
«Ազգային Պատկերասրահ» Միջազգային երաժշտական 10-րդ հոբելյանական փառատոնը, որը մեկնարկել էր մայիսի 7-ին` հունիսի 3-ին կհասնի իր տրամաբանական ավարտին: 10-րդ հոբելյանական փառատոնի հանդիսավոր փակումը տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասարահի Որմնանկարների սրահում: Փառատոնի փակման համերգը կրում է «Հայ-շվեյցարական երաժշտական խաչմերուկներ» խորագիրը: Այն անցկացվում է «Արվեստների Պատկերասրահ» Մշակութային Հիմնադրամի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնի փակման երեկոյի ընթացքում` շվեյցարաբնակ հայ ազգի դաշնակահարուհի Սոնա Շաբոյանը, թավջութակահարուհի Պի-Չի Չենին, Հասմիկ Վարդանյանը (թավջութակ), Սյուզի Երիցյանը (ջութակ), Աննա Եսայանցը (ալտ) եւ Շաղի Մարտիոսյանը, կկատարեն հայ եւ շվեյցարացի կոմպոզիտորների ստեղծագործությունները` կամերային կազմերի համար: Երեկոն իր ներկայությամբ կպատվի շվեյցարացի հայտնի կոմպոզիտոր ՖԱԲԻԱՆ ՄՅՈՒԼԼԵՐԸ:
«Ազգային Պատկերասրահ» Միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը հանդիսատեսին ներկայացավ 6 համերգաշարով, որի ընթացքում հնչեցին կամերային երաժշտության երկացանկի ամենատարբեր ստեղծագործություններ գրված` վոկալ, խմբերգային կազմերի, գործիքային, մենակատրների եւ կամերային անսամբլների համար:
Նշենք, որ փառատոնը հիմնադրվել է 2005 թվականին եւ յուրաքանչյուր տարի գարնանը այն հայաստանյան իր հանդիսատեսին հայ եւ օտարազգի երաժիշտ-կատարողների մասնակցությամբ ներկայացնում է դասական երաժշտարվեստի գլուխգործոցները: 2008 թվականից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության` մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

