ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ» ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏ -ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ
Արխիվ 12-16ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ» ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏ -ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ
«Մշակույթի գործիչներ ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հունիսի 1-4-ը Երեւանում կանցկացնի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 4-րդ միջազգային փոռատոնը, որն այս տարի նվիրվում է «Նոր անուններ» ծրագրի 25-ամյակին: Այդ իսկ պատճառով« փառատոնի շրջանակներում ելույթ կունենան նաեւ փառատոնի նախորդ տարիների մասնակիցները, որոնք ճանաչված են միջազգային ասպարեզներում: Պատանի երաժիշտ-կատարողների 4-րդ միջազգային փառատոնին կմասնակցեն Ռուսաստանի, Դանիայի, Կանադայի, Կուբայի, Լատվիայի, Վիետնամի, Վրաստանի, Չեխիայի, Մալթայի եւ Հայաստանի մինչեւ 18 տարեկան շուրջ 4 տասնյակ շնորհալի պատանիներ, որոնք միջազգային եւ հանրապետական մրցույթների եւ փառատոնների բազմակի դափնեկիրներ են, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ խոսքով` «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների փառատոնը իր մեջ ներառում է այն գաղափարները, որը մատաղ սերնդին կրթելու տրամաբանությունն է: Այն մեծ ներդրում է ունեցել պատանիների մշակութային դաստիարակության, կատարողական վարպետության բարձրացման հարցում, ինչը կառավարության եւ ՀՀ մշակույթի նախարարության համար առաջնահերթություն է.
«Մեզ հաճախ են ասում, որ նմանատիպ փառատոները բավականին շատ են, իրականում այո՛, այդ փառատոնները շատ են, սակայն այս հարցում մեր մոտեցումը հետեւյալն է` յուրաքանչյուր փառատոն ունի իր յուրօրինակ տրամաբանությունը, յուրաքանչյուր փառատոն պատանի երաժիշտ-կատարողների համար ինքնադրսեւորվելու հնարավորություններ է ստեղծում: Այսօրինակ փառատոններից հետո պատանի կատարողների մեջ տեսնում ենք մեծ խանդավառություն: Նման նախաձեռնությունները օգտակար են երկու առումով` ապագայում կհամալրվեն մեր կոլեկտիվները եւ հնարավություն ենք տալիս երիտասարդներին ինքնադրսեւորվել»,-նշեց Ա. Պողոսյանը` ընդգծելով, որ փառատոնը ունի հետաքրքիր աշխարհագրություն, քանի որ մեծ թվով երկրներից մասնակիցներ հանդես կգան փառատոնի շրջանակներում:
ՀՀ վաստակավոր գործիչ , «Նոր անուններ» ծրագրի ղեկավար ՍԻԼՎԱ ՄԵՔԻՆՅԱՆ էլ հուրախությամբ հավելեց. «Տարեցտարի մեր մասնակիցների եւ հանդիսատեսի թիվը ավելանում է, ինչը շատ ուրախալի փաստ է: Հպարտությամբ պետք է ասեմ, որ մեր փառատոնը այնպիսի սերունդ է տվել, այնպիսի երաժիշտներ, որոնք այսօր իրենց պատշաճ տեղն են զբաղեցնում տարբեր հայտնի տեղերում: Այն պետությունը, որը ունի հիրանալի մշակույթ, նա ավելի ներկայանալի է աշխահին»:
Նշենք, որ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 4-րդ միջազգային փառատոնի հանդիավոր բացումը տեղի կունենա այսօր` հունիսի 1-ին, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Փառատոնի բացմանը հանդես կգան պատանի երաժիշտները Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

