ՀԱՄԼԵՏԸ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆՆ Է
Արխիվ 12-16ՀԱՄԼԵՏԸ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆՆ Է
Մայիսի 30-ին Համազգային թատրոնի բեմ բարձրացավ Վ. Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանի ռեժիսուրայով, ով նաև բեմազգեստների հեղինակն ու բեմանկարիչն է:
«Իրավունքի» հետ զրույցում թատրոնի տնօրեն, դերասան ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱԸ, ով ի դեպ, վերոնշյալ ներկայացման մեջ Համլետի դերն է խաղում, տեղեկացրեց, որ ներկայացման համար հատուկ նկարահանումներ են կատարվել Շեքսպիրի հայրենի քաղաքում՝ Ստրադֆորդում, Մեծ Բրիտանիա: «1880 թվականից ի վեր Համլետի բազմաշերտ կերպարն իր փայլուն մեկնաբանություններն է գտել հայ թատրոնի պատմության էջերում, տաղանդավոր դերասանների կատարմամբ. հավերժ խոնարհում նրանց բոլորի հիշատակին: Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է 21-րդ դարում շարունակել դրամատուրգիայի պատմության ամենաբարդ և ամենահարուստ կերպարի՝ Համլետի բացահայտման ճանապարհը»:
Բեմականացման ռեժիսոր ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆՆ էլ իր խոսքում ասաց, որ արվեստագետի համար Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը բեմադրելը մեծ քննություն է. «Շեքսպիրյան տիրույթում ստեղծագործելը՝ գերագույն երջանկություն: Ժամանակն ու քաղաքակիրթ աշխարհը թելադրում են 400-ամյա ողբերգության նոր մեկնաբանություններ:
Բացառելով մերօրյա մոդեռնիստական բեմադրական մեթոդները՝ փորձել եմ հավատարիմ մնալ ստեղծագործության բեմականացման դասական ոգուն ու սկզբունքներին: Բեմադրության շեշտադրումը բոլոր ժամանակների մեծագույն մտավորականի՝ Համլետի առեղծվածային կերպարի բացահայտումն է՝ հավերժ արդիական, փիլիսոփայական իր հարցադրումներով. Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ, / Տանե՞լ գոռ բախտի պարսաքարերը և սլաքները, / Թե՞ զենք վերցնել ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ...»:
Համազգայինի հիմնադիր Սոս Սարգսյանի մահվանից հետո «Համլետ»-ը թատրոնի առաջին պրեմիերան է և նվիրվում է Վարպետի հիշատակին: Նախագիծը միաժամանակ ազդարարում է Համազգային թատրոնի շենքի կառուցման համար նախատեսվող դրամահավաքի սկիզբը:
Նախագիծն իրականացվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

