ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ, ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՊԱԳԱՅԻ ԿՐՈՂՆԵՐԸ (Տեսանյութ)
Արխիվ 12-16ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ, ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՊԱԳԱՅԻ ԿՐՈՂՆԵՐԸ (Տեսանյութ)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ առաջնորդությամբ` այսօր Սուրբ Էջմիածնում էին մի խումբ լրագրողներ, ովքեր վերջերս Վեհափառ Հայրապետի օրհնությամբ բացառիկ ուխտագնացությամբ գտնվում էին Տավուշի սահմանամերձ գյուղերում:
Լրագրողներս նախ հնարավորություն ունեցանք լինել Ս. Էջմիածնի թանգարանում, Գեւորգյան ճեմարանում, խաղաղվել երեւանյան աղմուկից ու առօրյա խնդիրներից հետո` Մայր Աթոռի զանգերի ներքո, ապա հոգեպես զորացած ըմբոշխնել նաեւ ազգիս բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի խրոխտ մարտական բանաստեղծությունները` եւս մեկ անգամ քաջալերվելով նրա թասիբով, ջիգյարով ու հայրենասիրությամբ:
Գեւորգյան ճեմարանում սպասվում էր յուրահատուկ անակնկալ` ոչ պաշտոնական համերգային ծրագիր լրագրողներիս համար: Շարականներ, հայրենասիրական երգեր, արտասահմանյան դասականների ստեղծագործություններ… էլ ուրիշ որտե՞ղ կարող ես այսքան հայեցի, այսքան հզոր ու անաղարտ երգ ու երաժշտություն լսել:
Երաժշտական ծրագրից առաջ Գերաշնորհ Տ. Բագրատ սրբազանը` ողջունելով ներկաներին` նշեց. «Առաջին իսկ պահին, երբ մեր Գեւորգյան ճեմարանի տեսուչ-սրբազանն իմացավ այս ուխտագնացության մասին` իր ցանկությամբ եւ նախաձեռնությամբ որոշվեց, որ այս ուխտագնացությունը համեմվի նախ առաջին հերթին մեր ուսանողների ներկայությամբ, ովքեր գիշեր-ցերեկ այստեղ աղոթքով եւ ուսումով են իրենց կյանքն անցկացնում, ովքեր իրենց տներից հեռու են եւ գտնվում են հոգեւոր զինվորության մեջ: Եվ նաեւ, ըստ էության, մեր ամբողջ Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի ու մեր երկրի նաեւ ապագայի կրողներն են: Մեր կյանքն այս դարբնոցում է, որ ստեղծվում է, կերտվում է եւ այս տղաներն են վաղվա կրողները: Այսօր իրենց պատասխանատվությունը ուսանողական նստարանն է, իրենց հանձնարարված եւ ուղորդված լինելու վիճակը` դեպի ուսումը եւ հոգեւոր կյանքը, վաղը իրենք են դա ստեղծելու` մեր բոլորի կյանքի համար»: Ապա հավելեց. «Շնորհակալ եմ մեր Գեւորգյան ճեմարանի երգչախմբին, մեր մաեստրոին, դաշնակահարուհուն: Հրաշալի երգչախումբ ունենք, որն ի դեպ, սովորական առաքելություն չի կատարում, այլ Աստված է թարգմանում մարդկանց կյանքում»:
Լրագրողներիս ուխտագնացությանը միացան նաեւ Մանանայի եւ Գրիգոր Լուսավորչի կանթեղ երիտասարդաց միության անդամները եւ միասին բացահայտեցինք Սուրբ Տաճարի հեթանոսական հիմքերը, քրիստոնեական զորությունն ու որպես կառույց` հայի ճարտարապետական հնարամտությունը` դեռեւս 4-րդ դարում, ինչի մասին առավել մանրամասն կարդացե՛ք Iravunk.com-ի առաջիկա հրապարակումներում:
Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

