ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Արխիվ 12-16Մայիսի 17-ին նշվեց ՙԹանգարանային գիշեր՚ համաեվրոպական տոնը, Հայաստանի շուրջ 100 թանգարաններ մասնակցեցին տոնին: Օրը հագեցած էր բազմաբնույթ մշակութային միջոցառումներով, դե իսկ հանրության համար սա եւս մեկ հնարավորություն էր` անվճար այցելել թանգարաններ եւ դառնալ ՙԹանգարանները միավորում են մեզ՚ խորագրի անդամ: Սակայն թանգարանները ոչ բոլորին կարողացան միավորել, հասարակության ամենախոցելի շերտը` հաշմանդամություն ունեցող անձինք, կրկին դուրս մնացին ուշադրությունից` ինչպես միշտ, չկարողացան այցելել թանգարաններ: Եթե ոմանք էլ այցելեցին` բախվեցին մեծ խնդրի, քանի որ որոշ թանգարաններում չկան թեքահարթակներ կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված պայմաններ: Խնդրով ՙԻրավունքը՚ դիմեց մի քանի թանգարանների, պարզելու, թե այս ուղղությամբ ի±նչ աշխատանքներ են տարվում.
Եղիշե Չարենցի անվան թանգարանի տնօրեն ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ- Ոչ մի թանգարան էլ հաշմանդամություն ունեցող անձանց համար չունի պայմաններ, հատկապես սայլակներով հաշմանդամների համար, այդ թվում նաեւ մեր թանգարանը, որտեղ այցելողները չորս հարկ պետք է բարձրանան, շատ դժվար է: Հաշմանդամություն ունեցող անձանց խմբեր շատ ենք ընդունում, եթե նրանք քայլելու հնարավորություն ունեն, իսկ հակառակ դեպքում` չենք կարողանում ընդունել, քանի որ թանգարանում բոլորը աստիճաներ են` նրանք պետք է կարողանան վերեւ բարձրանալ եւ իջնել: Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունը այս խնդրով շատ է զբաղվում եւ ուզում է հասկանալ, թե այս շինություններն ինչպե±ս կարող է վերափոխել, որպեսզի պայմաններ ստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Աշխատում ենք այնպես անել, որ գոնե սայլակավոր հաշմանդամները կարողանան հաղորդակցվել թանգարանի նմուշներին, հատուկ` նրանց համար թանգարանի առաջին հարկում կազմակերպել ենք ցուցահանդես, այս դեպքում մարդիկ ծնողների ու մեր օգնությամբ կարող են հասնել գոնե առաջին հարկ:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՍԱՐՅԱՆ- Մեր թանգարանի հիմնանորոգման ծրագրի մեջ կարեւոր խնդիր է եղել պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար, որպեսզի նրանք անարգել կարողանան գալ թանգարան: Ամեն տեսակի լուծումներ տված են` սկսած թեքահարթակներից, զուգարաններից եւ վերելակից: Այս առումով թանգարանը շուտով հասանելի կլինի հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար: Հստակ չեմ կարող ասել, թե թանգարանը երբ իր դռները կբացի այցելուների առջեւ, սակայն նպատակ ունենք այն բացել փետրվարին` Սարյանի ծննդյան օրը:
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ- Մեր հիմնական ցուցադրությունները թանգարանի երկրորդ հարկում է եւ հնարավորություն չունենք հաշմանդամություն ունեցող անձանց բարձրացնել վերեւ: Սա շատ ցավոտ խնդիր է, հաշմանդամություն ունեցող անձանց թանգարան բերելու հարցում շատ խոցելի ենք: Այս տարի ՙԹանգարանային գիշեր՚ միջոցառմանը մեզ մոտ շատ բազմամարդ էր, սակայն նրանց մեջ հաշված մարդիկ էին, որ ունեին հաշմանդամության խնդիրներ, վերեւ էին բարձրանում բարեկամների օգնությամբ: Մեր շենքային պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի ստեղծենք թեքհարթակներ կամ այլ պայմաններ` հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

