ՙԽՆԴԻՐՆԵՐԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՄԻՄԻԱՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ՚
Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում Հայաստանի հետ կապված որոշման առնչությամբ ԱԳՆ փոխնախարար ՍԵՐԳԵՅ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԸ նշեց.
-Պայմանագրի ստորագրումը չի հետաձգվել, ինչպես ոմանք դա մեկնաբանում են: Ֆիքսված չի եղել, որ հենց այսօր պետք է Հայաստանը ստորագրի այդ պայմանագիրը: Գործընթացը շարունակվում է, նախագահը առաջարկել է մինչեւ հունիսի 15-ը ստորագրել այդ պայմանագիրը, որովհետեւ եղել են այնպիսի հարցեր, որոնք տեխնիկապես հնարավոր չի եղել հասցնել համաձայնեցնել: - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարեց, որ Հայաստանի հետ խնդիրներ կան, ի±նչ կասեք այդ առումով: - Որեւէ խնդիր չկա, ոչ ոք դեմ չի, ընդհանուր մթնոլորտը ՀՀ-ի հանդեպ շատ ջերմ եւ դրական է: Սկզբունքային եւ կոնցեպտուալ հարցերի շուրջ կան բոլոր համաձայնությունները, իսկ եղած խնդիրները վերաբերում են միմիայն տեխնիկական հարցերին: Ընդհանուր տրամադրվածությունը շատ դրական է, ես կարծում եմ, որ նախագահի խոսքերում արտահայտված ժամկետները կիրականանան: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ ԲՀԿ-ական Վահան Բաբայանը անդրադառնալով նիստի արդյունքներին` ասաց. - Առանձնապես ակնկալիքներ չունեինք այսօրվա նիստից, բայց տեղի է ունենում մի պրոցես, որի մասին մենք` որպես պատգամավորներ կամ խորհրդարան, իմանում ենք վերջին րոպեներին կամ ընդհանրապես չենք իմանում: Ինչպես գիտենք, նշվել է, որ պատարաստվում է պայմանագրի տեքստը, բայց, համենայնդեպս ես` որպես արտաքին հանձնաժողովի անդամ, դեռ նման տեքստի հետ ծանոթ չեմ: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ