Վերջին օրերին Ադրբեջանը կրկին սկսել է ակտիվորեն խախտել հրադադարի ռեժիմը, որի արդյունքում հակառակորդի գնդակի զոհ դարձան ՊԲ փոխգնդապետ եւ մեկ զինծառայող: Վերոնշյալի հետ կապված` փորձեցինք լսել ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ գնահատականը, որը մասնավորապես նշեց.
-Սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչական գործողություն, ուրիշ ոչ մի կերպ չի կարելի այն բնութագրել: Առողջ տրամաբանությամբ չի կարելի բացատրել, քանի որ այդ ամենի արդյունքում որեւէ ձեւով չի փոխվում ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը, ընդհակառակը` էլ ավելի է անվստահության մթնոլորտը խորացնում: Բացի այդ, նման դիվերսիաները մեծ հարված են հասցնում նաեւ բանակցային գործընթացին: Այսպիսի մի օրինաչափություն կա, Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարի ռեժիմը` համանախագահների կամ ինչ-որ կարեւոր պաշտոնատար անձանց այցելության նախօրեին, այցելության ժամանակ եւ այցելություններից հետո, հիշարժան իրադարձությունների, տոների ժամանակ եւ այլն: Մենք նշում էինք մայիսի 28-ը, եւ նրանք փորձում են պղտորել, ինչ-որ մի կեղտոտ բան անել, ցավեցնել հայերին: Դժբախտաբար, սա իրենց ոճն է: Եվ, վերջապես, սա իրենց ներքին քաղաքականության մի ուղղությունն է, քանի որ բեւեռացումը այնտեղ խորանում է, կան ներքին լուրջ խնդիրներ: Եվ որպեսզի ժողովրդի ուշադրությունը ինչ-որ ձեւով շեղեն, կրկին անհրաժեշտ է հակահայկան վեկտորը զարգացնելª այդպիսի քայլերով փորձելով նաեւ ներքին քաղաքական դիվիդենտներ շահել: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ