Նազարբաեւը խոսում է այն մասին, որ իբր երբ Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին, ապա նրա սահմանները դրանով ամրագրվել կամ ճանաչվել են: Չկա նման բան: Անդամակցումը ՄԱԿ-ին կապ չունի ոչ երկրի ճանաչման, ոչ էլ, առավել եւս, սահմանների ճանաչման հետ,-իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է Կանադայում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ, միջազգայնագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ.
-Խոսքերս հաստատելու համար վկայակոչեմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի եւ Անվտանգության խորհրդի համապատասխան պաշտոնական փաստաթղթերը: Դեռեւս 1950թ. մարտի 8-ին ՄԱԿ-ի այդ ժամանակվա Գլխավոր քարտուղարը` Թրիգվի Լիին (Trygve Lie), պաշտոնական նամակով եւ առդիր 5 էջանոց հուշագրով անդրադարձել է տվյալ հարցին, տվել սպառիչ պարզաբանում. ՄԱԿ-ին անդամակցելը չունի որեւէ ճանաչման իրավական հետեւանք: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր պաշտոնական նամակի հենց սկզբում միանշանակ արձանագրում է, որ ճանաչման հարցը ՄԱԿ-ի անդամակցության հարցի հետ կապելը ՙչարաբաստիկ է` գործնական եւ սխալ է` իրավական տեսության առումներով՚: Նշյալ պարզաբանումը` որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ S/1466 գրություն` ՙՀուշագիր ՄԱԿ-ում ներկայացված լինելու խնդրի իրավական հարցերի վերաբերյալ՚ (United Nations Security Council, Memorandum on the Legal Aspects of the Problem of Representation in the United Nations, General, S/1466, 9 March 1950) վերնագրով հրապարակվել է հաջորդ օրը` 1950թ. մարտի 9-ին, այսինքն` դրան տրվել է ՄԱԿ-ի շրջանակում հնարավոր ամենաբարձր իրավական կարգավիճակը: Հուշագիրը նաեւ վերահաստատել է միջազգային հանրային իրավունքի մեջ հնուց ի վեր գոյություն ունեցող այն հիմնադրույթը, որ ՙՆոր պետության կամ գոյություն ունեցող պետության նոր կառավարության ճանաչումը միակողմանի գործողություն է, որը ճանաչող կառավարությունը կարող է շնորհել կամ մերժել՚: