ԵԽԽՎ-Ն ՓԱՍՏԵՑ` ՙՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄԸ ԵՂԵԼ Է ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ՚
ՙՄայիսի 26-ին եւ 27-ին Հելսինկիում տեղի ունեցավ ԵԽԽվ իրավական հարցերով հանձնաժողովի նիստը: Իհարկե, հանձնաժողովի օրակարգը բավականին հագեցած էր, սակայն Հայաստանի համար ամենակարեւոր հարցը Ստրասբուրգյան կոնվենցիայի, այսինքն` օրակարգում ներառված ՙԴատապարտված անձանց փոխանցման մասին՚ կոնվենցիայի չարաշահման հարցն էր, որը վերաբերում էր ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին, մասնավորապես, արդյոք դա տեղի է ունեցել իրավունքի չափանիշներին համապատասխան, թե` ոչ՚,- այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
-Իրավական հարցերի հանձաժողովում քննարկվում էր այդ բանաձեւը, որը, ըստ էության փաստեց, որ Սաֆարովի արտահանձնումը եղել է կոնվենցիայի չարաշահում եւ հակասում է բարի կամքի եւ իրավունքի գերակայության սկզբունքներին: Չի համապատասխանում կոնվենցիայի ընդունման պահին դրանում դրված մտադրություններին եւ նպատակներին, եւ դրա նպատակը հայրենասիրական է, որպեսզի հնարավորություն ընձեռի դատապարտվածներին` իրենց հայրենի երկրում, այսպես ասած, վերաինտեգրվել հասարակությանը, այլ ոչ թե` ակնհայտ հանցագործին, որը դատապարտված է ցմահ ազատազրկման, հերոսացնեն եւ ազատ արձակեն: Իհարկե, ադրբեջանցիները, մեղմ ասած, ուրախ չէին այս բանաձեւի համար, ամեն կերպ պայքարում էին` ներկայացնելով ամենածիծաղելի փաստարկները` փորձելով ամեն ինչ անել բանաձեւի ընդունումը տապալելու համար: Բայց, ամեն դեպքում,մեր եվրոպացի գործընկերները բավականին խիստ եւ բավականին լիարժեք դիրքորոշում ունեին այս հարցի վերաբերյալ: