Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՌՅԱԿԻ` ՙՕԵԿ-Ը ԱՌԱՋ Է ԳՆՈՒՄ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍԼԱԿԱՆՈՎ՚
Արխիվ 12-16
Վերջերս տեղի ունեցած ոչ իշխանական քառյակի հավաքից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով ՕԵԿ-ի` քառյակի անդամ դառնալու հարցին, նշել էր, թե հարցն իրենք չեն քննարկել, ՕԵԿ-ի կողմից էլ նման առաջարկ չի եղել: ՙ
ՔԱՌՅԱԿԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՉԷ՚
Թե արդյոք մոտ ապագայում ԱԺ ՙՕրինաց երկիր՚ խմբակցությունը պատրաստվում է նման առաջարկով դիմել քառյակին, ՙԻրավունքը՚ պարզեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՑ.
- Քառյակը կազմակերպություն չէ: ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը ներկայումս լինելով ընդդիմադիր քաղաքական ուժ` առաջ է գնում իր քաղաքական տեսլականով: Եվ մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցել քաղաքական ուժերի հետ, եթե մեր տեսանկյուններից, մեր մոտեցումներով դա համապատասխանում է երկրի զարգացման, անվտանգության խնդիրներին: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ կարծիքների փոխանակում է եղել եւ այլն: Միաժամանակ քառյակի ներսում նույնպես մի շարք դեպքերում լինում են տարբեր կարծիքներ ու մոտեցումներ: Այնպես որ, այս տեսանկյունից խնդիրը այդպես չի դրվել եւ իմ խորին համոզմամբ չի էլ կարող դրվել:
- Այսինքն` ՕԵԿ-ի կողմից քառյակին միանալու դիմում` որպես այդպիսին, չի± լինելու:
- Այդ մոտեցումը չի կարող եւ չպետք է լինի, սա խորհրդարանական կուսակցությունների քննարկման ֆորմատ է: Իսկ մենք քաղաքական ուժերի հետ, այդ թվում նաեւ քառյակի ներսում գործող քաղաքական ուժերի հետ ե°ւ ունենում ենք կարծիքների փոխանակում, ե°ւ քննարկում: Վերջին ժամանակահատվածում նաեւ կուսակցություններից դիմում եղավ ՙՕրինաց երկիր՚ կուսակցությանը` քվեարկության հետ կապված սեփական մոտեցումները ներկայացնելու եւ այլն: Եվ ես նորից եմ ուզում կրկնել, որ ՙՕրիանց երկիրը՚ հայտարարել է եւ շարունակում է հայտարարել, որ մենք գնում ենք մեր քաղաքական օրակարգով, մեր մոտեցումներով, մեր ծրագրերով: Եթե դրանք համընկնում են այլ կուսակցությունների մոտեցումների հետ, մենք պատրաստ ենք համագործակցել: Այս տեսանկյունից պետք է դիտարկել խնդիրը, եւ մենք մեր ճանապարհով գնում ենք առաջ:
ՙՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ՚
-Պարոն Շահգելդյան, մի հարց եւս. որպես ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ` չեք կարծում, որ այս հանձնաժողովը բովանդակային առումով այլեւս անելիք չունի, երբ ամենաուշը մի քանի ամսից Հայաստանը կդառնա ՄՄ լիիրավ անդամ:
- Ոչ, իհարկե, ես այդպես չեմ կարծում: Հանձնաժողովն ունի իր գործառույթների ոլորտը, շարունակում է աշխատել եւ այս տեսանկյունից նաեւ, բնականաբար, պետք է շարունակի իր գործունեությունը: Դրանից բացի, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները չեն դադարել` կապված մեծ եւ համապարփակ առեւտրի պայմանագրի խնդիրներից եւ նրանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու իր պատրաստակամության մասին: Եվ, ինչպես տեսնում եք, այս դաշտում, այդ թվում քաղաքական եւ այլն, հարաբերությունները շարունակում են լինել: Այնպես որ, այստեղ ես նման խնդիր բացարձակ չեմ տեսնում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

