«ԴՊՐՈՑԻ ԱՄԵՆԱԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԸ ՋԵՌՈՒՑՈՒՄՆ Է, ՈՐՆ ԱՆԼՈՒԾԵԼԻ ԽՆԴՐԻ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ»
Արխիվ 12-16«ԴՊՐՈՑԻ ԱՄԵՆԱԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԸ ՋԵՌՈՒՑՈՒՄՆ Է, ՈՐՆ ԱՆԼՈՒԾԵԼԻ ԽՆԴՐԻ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ»
Օրեր առաջ Զանգակատան միջնակարգ դպրոցում էինք, բայց քանի օր կրթական այս հաստատությունում հասցրեցինք լինել ոչ այնքան ակտիվ ուսումնական ժամի, աշակերտական առօրյային ու դասաժամերին ականատես չեղանք: Փոխարենը շրջեցինք դպրոցում, զրուցեցինք դպրոցի տնօրեն ԹԱՄԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ և փոխտնօրեն ՍՈԿՐԱՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ՝ ծանոթանալով դպրոցի, գյուղի ու տարածաշրջանի խնդիրներին:
«Մեր դպրոցը, որպես փոքր գյուղի կրթական հաստատություն, ավագ դպրոց դառնալու հարցից ազատված է: Այս տարի ունեինք 17 շրջանավարտ, որոնցից միայն 5-ն են դիմորդներ. մայրաքաղաքից հեռու լինելն ու կենսական պայմանները խանգարում են ծնողներին երեխաներին ուղարկելու մայրաքաղաք. դժվար է ապահովելով և՛ ուսման, և՛ տան վարձավճարները: Դպրոցի ամենաառանցքային հարցը ջեռուցումն է, որն անլուծելի խնդրի է վերածվում: Ունենք նաև վերանորագման հարց, ճիշտ է, ներառված ենք վերանորոգման
ծրագրի մեջ, և արդեն տանիքը, ներքին որոշ հարդարանքներ, զուգարաններն ու սպորտդահլիճը վերանորոգվել են՝ քայլ առ քայլ, բայց դասասենյակները շարունակում են ծայրահեղ վատ վիճակում մնալ: Խնդիրների մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ գրադարանին. ունենք մանկական գրականության խիստ պակաս, վերջին 20 տարիների ընթացքում մեր գրադարանը ոչ մի կտոր գրքով չէր համալրվել, մինչև օրերս 25 կտոր գիրք նվեր ստացանք»,- նշեց Թ. Հովհաննիսյանը:
Տիկին Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ դպրոցն ապահովված է բարձրագույն կրթություն ստացած համապատասխան մասնագետներով, բայց աշակերտների ուսումնական առաջընթացն այնքան էլ ակնհայտ չէ, հատկապես բարձր դասարանների ծրագրերը շատ բարդ են, ինչն էլ հիասթափեցնում է երեխաներին, խոչընդոտում են նաև սոցիալ-տնտեսական խնդիրները. «Ցավոք, սևակներ
չունենք»:
Դպրոցի փոխտնօրեն ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍՈԿՐԱՏՆ էլ, ով եկել է Ջավախքից ու իբրև պատմաբան ծավալել մանկավարժական գործունությունը, դպրոց աշխատում է արդեն 39 տարի, մտահոգ է տարածաշրջանի խնդիրներով. «Գյուղի բնակչության ապրուստի միակ միջոցը անասնապահությունն ու խնձորի այգիների մշակումն է: Բայց մարդիկ նույնիսկ անասուններ գնելու համար գումար չունեն, իսկ ակտիվ հողագործության համար էլ բավարար պայմաններ չկան. հողերի մեծամասնությունն անջրդի է, միայն խնձորենիներն են, որ բերք են տալիս: Տանջվում է խեղճ գյուղացին, բայց եթե բաժակի մեջ տեղավորվում է ընդամենն ինչ-որ քանակությամբ ջուր, ավելին ինչպե՞ս տեղավորես…»:
Արձանագրելով գյուղի ու գյուղացու անբարենպաստությունը` պրն. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ միևնույն ժամանակ նշում է. «Հայաստանը շատ շատերն են լքում, բոլորն,
ասես, գնում են, բայց մեր գյուղում արտագաղթը քիչ թիվ է կազմում, չգիտեմ՝ միգուցե մարդիկ քչով են բավարարվում, կամ մեր Սուսիկի (դպրոցի գրադարանավարն է, ով զրույցի ժամանակ ներկա էր-հեղինակ) նման ասում են՝ ամա՜ն-ամա՜ն, թող իմ տղան կողքիս լինի, ինձ ավելին պետք չէ»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
Հ.Գ. - Այն, որ իսկապես ուրիշ է գյուղացու հյուրընկալություն, սրտաբացությունն ու անմիջականությունը, այն, որ դեռ շատ ավելի տաք ու հյուրընկալ է շարունակում մնալ քաղաքից հեռու ապրողի սիրտը, համոզվեցինք ևս մեկ անգամ. է՞լ ինչ է պետք անարատ ուտելիքից զուրկ քաղաքացուն՝ այծի մածուն, պանիր, նոր թխված լավաշ…

