«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ»-Ը «ՀԱՅ-ՀՐԵԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐ»-ՈՒՄ
Արխիվ 12-16«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ»-Ը «ՀԱՅ-ՀՐԵԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐ»-ՈՒՄ
Մայիսի 7-ից հունիսի 3-ը կընթանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը, որի շրջանակներում էլ օրերս Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կայացավ «Հայ-հրեական երաժշտական խաչմերուկներ»խորագիրը կրող համերգը: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր և հաղթող դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ հնչեցին հրեա ժամանակակից կոմպոզիտորներ Վիլլի Վայների, Բենյամին Յուսուպովի, Այալ Ադլերի, Գյորգի Կուրտագի, Ամոս Էլկանայի ստեղծագործությունները: Համերգի հատուկ հյուրն էր՝ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլլի Վայները:
Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկնդրի և քննադատների կողմից ճանաչված է որպես Հայաստանի առաջատար երաժիշտներից մեկը, ով իր վառ
երևակայությամբ և վիրտուոզ կատարողականությամբ մեր օրերի համաշխարհային դաշնամուրային արվեստում զբաղեցրել է իր եզակի հարթակը: Նա ակտիվ համերգային գործունեություն է վարում Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների բազում երկրներում:
2000-ին Հռոմում կայացած «Premio Valentino Bucchi» 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային դաշնամուրային մրցույթում 2-րդ մրցանակին արժանանալուց հետո, ժամանակակից երաժշտությունը զբաղեցրեց նրա նվագացանկի գերակշիռ չափաբաժինը: Հայկ Մելիքյանը հայ և օտարազգի շատ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է, որոնցից շատերը հատուկ գրվել են նրա համար: Աշխարհի տարբեր երկրներում Հայկ Մելիքյանը պարբերաբար վարում է ժամանակակից երաժշտության վարպետության դասեր:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

