«ՇԱՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ ՕՏԱՐԻՆՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ»
Արխիվ 12-16«ՇԱՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ ՕՏԱՐԻՆՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ»
Հայաստանի առաջին հանրապետության օրը երեկ նշվեց նաև Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ցավոք, «Տաղարան» երաժշտական համույթն իր անզուգական ավանդական-հայկական երաժշտությամբ այնքան հանդիսատես չէր հյուրընկալել (ներկաներին կարելի էր մատների վրա հաշվել), որքան, ասենք, Հանրապետության հրապարակի միջոցառումը, բայց համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆԸ կարծես այնքան էլ դժգոհ չէր:
«Նույնիսկ այսքան հանդիսատեսի չէր սպասում: Ճիշտ է, մարդիկ քիչ էին, բայց բոլոր ներկաները զգայուն էին կատարումների հանդեպ, ուշադիր: Նրանց ոգևորությունը փոխանցվում էր ու այնքա՜ն ակնհայտ էր»,- «Իրավունք»-ի հետ զրույցում նշեց պրն. Երկանյանը, ավելացնելով նաև, որ համերգի ընթացքում հնչած կատարումների մի մասը առաջին անգամ ներկայացվեցին հանդիսականին, մի մասն էլ՝ յուրովի գործիքավորմամբ ու մշակմամբ: Ապա շարունակելով խոսել դասական երաժշտության առօրյայում ապրող խնդիրների մասին՝ դիրիժորն ավելացրեց. «Այսօրվա համերգային ծրագրի և առհասարակ «Տաղարան»-ի գործունեության հիմնական գաղափարը մեր ավանդական երգերը որքան հնարավոր է շատ պահել, պահպանել, զարգացնել ու վեր հանելն է: Ցավոք, դրանք այսօր քիչ են երգվում, տարածվում, ԶԼՄ-
ների կողմից բավարար ուշադրության չեն արժանանում: Եվ դրա արդյունքում մեր հորովելները ստվերում են մնացել, 1-2-ից ավելի հորովել մեր հասարակությունը չգիտի, այնինչ դրանք հասնում են 100-ների: Ոլորտի խնդիրներն անլուծելի դառնում են նաև «ի շնորհիվ» վերին ատյանների. շատ քիչ են խթանում ստեղծագործական նոր մտահաղացումները, նոր ասելիքները՝ դա կլինի գործիքավորում, թե՛ մշակում, թե՛ նոր երգի, վիպերգի ծնունդ: Չէ՞ որ բեմում հայտնվող յուրաքանչյուր ստեղծագործություն իր հետ բերում է պատմական բացահայտումներ, ազգային պատկանելիությունը շեշտադրելու անհարաժեշտություն: Այս բացթողումներից է հենց, որ մեր շատ-շատ երգեր այսօր հարևան պետությունները իբրև սեփական են ներկայացնում աշխարհին, և դա նրանց բավականին հաջողվում են՝ ի շնորհիվ իրենց իշխանությունների: Ի վերջո, հենց իշխանությունները խնդիր ունեն ապացուցելու, որ այս արժեքներն իրենցն են… Մենք ամբողջ ազգովի թերանում ենք, թերանում ենք՝ հույսներս թողնելով դարերին և ապավինելով, որ այս ամենն ինչ-որ հրաշքով կշարունակի մնալ ու պահպանվել»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

