ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ` ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԱՎԱՐՏ ՈՒՆԵՑՈՂ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԲԱՐԴՈՒԹՅՈ՞ՒՆ
Արխիվ 12-16ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ` ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԱՎԱՐՏ ՈՒՆԵՑՈՂ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԲԱՐԴՈՒԹՅՈ՞ՒՆ
Մայիսի 28-ին Գյումրիում ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետևանքով մահացել է 38-ամյա Կարինե Պապանյանը: Կ. Պապանյանի սկեսուրը` Էվելինա Մինասյանը, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ իր աչքի առջեւ է մահացել հարսը եւ պնդում է, որ նա մահացել է բժիշկների անուշադրության հետեւանքով։ Թե ի՞նչ է իրականում կատարվել եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը, պարզեցինք այսօր Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին եկած առողջապահության նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՑ.
- Ցավոք, այո, այդպիսի դեպք է տեղի ունեցել: Մայրական մահացությունը խիստ հսկվում է եւ դեպքին հաջորդող իրադարձությունները զարգացել են հետեւյալ կերպ` անմիջապես նախարարությունից ձեւավորվել է խումբ գլխավոր գինեկոլոգ-մանկաբարձ, պրոֆեսոր Աբրահամյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի ուսումնասիրելու բոլոր փաստերը: Պետք է ասեմ, որ բոլոր նյութերը, մայրական մահերը քննարկվել են առողջապահության նախարարության հատուկ նիստում եւ լինելու է շատ խիստ մոտեցում: Բացի այդ դեպքից, նաեւ երկու այլ դեպքեր է գրանցվել Գյումրի քաղաքում, որոնք կապված են եղել ծննդաբերությունից հետո կանանց մոտ բարդությունների հետ: Դրանք եւս եղել են մեր ուշադրության կենտրոնում եւ միանգամից մեկ կին վիրահատվել է: Նրանք հետագայում տեղափոխվել են Երեւան` երրորդ կարգի վերակենդանացման անհրաժեշտության համար:
- Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ո՞վ է մեղավոր վերոնշյալ դեպքում եւ արդյոք տեղյակ եք, թե ի՞նչն է եղել բուն մահվան պատճառը:
- Մեղքը միայն կարող են որոշել դատական մարմինները: Ինչ վերաբերում է մահվան պատճառին, նախնական տվյալ կարող եմ ասել, որ եղել է հարպտղային ջրերի էմբոլիա, որը բավականին հազվագյուտ բարդություն է ու կայծակնային ավարտ է ունենում: Բայց սա նախնական տվյալներն են, մինչ կլինի պաթոհիստոլոգիական, պաթոանատոմիական վերջնական վերլուծություններ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

