«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՈՒՄ». Է. Շարմազանով
Արխիվ 12-16«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՈՒՄ». Է. Շարմազանով
Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի պատասխանատու ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ անդրադառնալով երեկ Աստանայում կատարված իրադարձություններին ասել է. «Թե Մաքսային միությունը, թե Եվրասիական տնտեսական միությունը սահմանների հարց չեն լուծում, և չեն էլ կարող լուծել, քանի որ նման լիազորություն չունեն, ուստի սահմանների մասին խոսելը և դա կապելը Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության հետ ավելորդ է: Բոլորիս պարզ է, որ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական տարածք են, և այդպես էլ կլինեն, սա անհերքելի է»,-նկատեց նա:
Շարմազանովի խոսքով՝ այլևս փաստ է, որ ՀՀ-ը և Եվրասիական տնտեսական միության երեք հիմնադիր երկրները եկել են համաձայնության, որ մինչև հունիսի վերջ ՀՀ-ն անդամակցելու է այդ միությանը, մնացել են մի քանի տեխնիկական բնույթի հարցեր, որոնք սահմանների հետ ոչ մի կապ չունեն և ընդամենը ներմուծման ու արտահանման հետ կապ ունեն: «Իսկ ինչո՞ւ սահմանների հետ կապ չունեն, որովհետև կրկնվեմ՝ ՄՄ-ը և ԵՏՄ-ը այն կազմակերությունները չեն, որոնք ճշգրտելու կամ քննարկելու են սահմանների հարցը»:
Շարմազանովն ընդգծեց՝ այս միություններից և ոչ մեկին Հայաստանը չի անդամակցում Ղարաբաղի հարցը լուծելու համար: «Ինչպես չենք անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ Ղարաբաղի հարցը լուծելու համար: Ղարաբաղի հարցի լուծման համար կա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, և այս խնդրի ու սահմանների ճշգրտման հարցի կապումը միության անդամակցության հետ, իրականության հետ որևէ կապ չունեն»:
ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ Հայաստանում կա կայացած հասարակություն, քաղաքական դաշտ, մամուլ ու ժամանակն է, որ տարբերեն բանակցային գործընթացը հրապարակային ուղերձներից, և հասկանան՝ ինչու և ում համար են արվում այդ ուղերձները: «Ես խնդրում եմ ձեզ, որ աժիոտաժ չսարքենք այս հայտարարությունը, հաստատ դա ոչ ձեզ, ոչ ինձ, ոչ մեր հասարակությանը, ոչ մեր պետությանն օգուտ չի բերելու, և կարիք չկա այս հարցից մի մեծ փուչիկ փչել ու ուռեցնել: ՀՀ-ը չի անելու մի քայլ, որը կվնասի Արցախի հանրապետությանը, ՀՀ-ն համարվել և համարվում է Արցախի հանրապետության անվտանգության երաշխավորը»,-հայտարարեց ՀՀԿ խոսնակը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

