ՖՐԱՆՍԻԱՑԻ ԱՆՎԱՆԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՌԵՄԻ ԺԸՆԻԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Արխիվ 12-16ՖՐԱՆՍԻԱՑԻ ԱՆՎԱՆԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՌԵՄԻ ԺԸՆԻԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Այսօր՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթներից մեկի` Բելգիայի ԵՂԻՍԱԲԵԹ ԹԱԳՈՒՀՈՒ անվան միջազգային մրցույթի` 2013թ. երկրորդ մրցանակակիր, ֆրանսիացի անվանի դաշնակահար Ռեմի Ժընիեն, ում կատարմամբ կհնչի Միշել Պետրոսյանի` դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Էայի ջրահետքերով» ստեղծագործությունը: Վերջինս նույն մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի (2013), և Հայաստանում կկատարվի առաջին անգամ: Կհնչեն նաև Մոցարտի Դաշնամուրի թիվ 20 կոնցերտը և Բեթհովենի թիվ 1 սիմֆոնիան: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի (2013թ., Բելգիա) երկրորդ մրցանակին 20 տարեկանում արժանացած ֆրանսիացի դաշնակահար Ռեմի Ժընիեն նաև հանդիսանում է Բոննի միջազգային Բեթհովեն մրցույթի մինչ օրս ամենաերիտասարդ մրցանակակիրը, ինչպես նաև Բերնի Prix du Piano Interlaken Classics և այլ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր: Փարիզի ազգային կոնսերվատորիայի և Ալֆրեդ Կորտոյի երաժշտական դպրոցի (Ecole Normal de Musique Alfred Cortot) շրջանավարտ է: Կամերային երաժշտություն է ուսանել Պիեռ Լորան Էմարի և դիրիժորություն` Ջորջ Փեհլիվանյանի մոտ: 2013-2014թթ. նրա համերգային ծրագրում ներառված են համերգներ Նյու Յորքի Կարնեգի Հոլում, համերգներ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մոնտե Կառլոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի և այլ նվագախմբերի հետ: Նախորդ համերգաշրջաններում որպես մենակատար ելույթ է ունեցել Ֆլամանդական արքունական ֆիլհարմոնիկ, Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիկ, Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ, Բելգիայի ազգային, Իլ դե Ֆրանս ազգային, Բոննի Բեթհովենի անվան, Կաննի Պրովանս Ալպ Կոտ դ՚Ազյուր և այլ նվագախմբերի հետ այնպիսի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Էմանուել Կրիվինը, Ալան Բուրիբաևը, Պավել Գերսթայնը, Ֆիլիպ Բենդերը և այլոք: Մասնակցել է բազմաթիվ փառատոների ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ այլ երկրներում, այդ թվում Վլադիմիր Սպիվակովի, Arts Square միջազգային ձմեռային փառատոնին, Բախի փառատոներին Մոնրեալում և Տուլում և այլն: Մենահամերգներով հանդես է եկել Վիեննայում, Ժնևում, Բրյուսելում, Գենտում, Գերմանիայի և Լեհաստանի տարբեր քաղաքներում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶՐՅԱՆ

