ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՎԻԼԼԻ ՎԱՅՆԵՐԸ ՀԱՄԵՐԳԻ ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐՆ ԷՐ
Արխիվ 12-16ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՎԻԼԼԻ ՎԱՅՆԵՐԸ ՀԱՄԵՐԳԻ ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐՆ ԷՐ
Մայիսի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կայացավ «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ հոբելյանական փառատոնի «Հայ-հրեական երաժշտական խաչմերուկներ» խորագիրը կրող համերգը: Այդ մասին «Իրավունքը» տեղեկացրել էր: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր և հաղթող դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ հնչեցին հրեա ժամանակակից կոմպոզիտորներ՝ Վիլլի Վայների, Բենյամին Յուսուպովի, Այալ Ադլերի, Գյորգի Կուրտագի, Ամոս Էլկանայի ստեղծագործությունները: «Իրավունքի» հետ զրույցում ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԸ խոստովանեց, որ առաջին անգամ է կատարում Վիլլի Վայների ստեղծագործությունները Երևանում: «Տպավորված եմ, քանի որ առաջին անգամ եմ դիպչում հրեա կոմպոզիտորների ստեղծագործություններին: Սպասելիքներս շատ են…»: (Զրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում):
Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՎԻԼԼԻ ՎԱՅՆԵՐՆ էլ, ով ի դեպ, համերգի հատուկ հյուրն էր նշեց, որ տպավորված է փառատոնի կազմակերպիչների աշխատանքից: «Այստեղ մենք գործ ունենք մեծ պրոֆեսիոնալիզմի հետ, որի պակասը զգում ենք ամենուր: Իսկ այստեղ այն միշտ առկա է: Հենց դրա համար էլ յուրաքանչյուր փառատոն պսակվում է մեծ փառքով ու հաջողությամբ»: (Զրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում):
Փառատոնի հանդեպ մեծ ուշադրությունը հանրության կողմից ոգևորում է փառատոնի հիմնադիր ՄԱՐԻԱՄ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ: «Մեզ համար պատասխանատու տարի է, քանի որ «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը նշում է իր հիմնադրման 10-ամյակը: Հստակ կարող եմ ասել, որ բոլոր համերգները մեծ հետաքրքրությամբ են դիտվել հանդիսատեսի կողմից: Բոլոր համերգների ավարտին հնչել են երկարատև ծափեր»: (Զրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում):
«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2005թ-ին: Յուրաքանչյուր գարուն այն հայ հանդիսատեսին է ներկայացնում դասական երաժշտարվեստի գլուխգործոցներ՝ հայ և օտարազգի ճանաչված երաժիշտ-կատարողների մասնակցությամբ:
Նյութը, լուսանկարը և տեսանյութը ՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

