ՙ«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ԿՄԵԿՆԻ ՀՅՈՒՐԽԱՂԵՐԻ
Արխիվ 12-16«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ԿՄԵԿՆԻ ՀՅՈՒՐԽԱՂԵՐԻ
Օրերս Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Բարեկամություն» պարային համույթի հերթական համերգը` հին ու նոր պարային գեղեցիկ համարներով:
«Իրավունքի» հետ զրույցում «Բարեկամություն» պարային համույթի գեղարվեստական ղեկավար ՆՈՐԱՅՐ ՄԵՀՐԱԲՅԱՆՆ ասաց, որ երեւանյան այս համերգը կազմակերպվել է հատուկ հյուրախաղերից առաջ, որպեսզի օտար բեմերում էլ ավելի լավ ներկայացնեն նախատեսված ծրագիրը. «Բարեկամություն» պարային համույթը եկող ամսվա վերջերին հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայում եւ Իսրայելում:
«Մենք պետք է ներկայացնենք մեր արվեստը բարձր մակարդակի վրա: Դա մեզ համար շատ կարեւոր է: Ի դեպ, համերգները կանցկացվեն Ֆրանսիայի եւ Իսրայելի հեղինակավոր հանդիսասրահներում»,- նշեց «Բարեկամություն» պարային համույթի գեղարվեստական ղեկավարը:
Ն. Մեհրաբյանն «Իրավունքին» նաեւ ասաց, որ երեւանյան համերգին, ի դեպ, մասնակցում էին իրենց առաջին քայլերն անող պարողներ. «Նրանք դեռ կհղկվեն, էլ ավելի կկատարելագործվեն: Նոր սերնդի մուտքը համույթ դանդաղ գործընթաց է»:
Նշենք, որ համերգը, կայացավ մեծ հաջողությամբ:


Նյութը եւ լուսանկաները՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

