Վ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ԲԵՄԱԴՐԱԾ ՙՏԻԿԻՆ ՄԻՆԻՍՏՐՈՒՀԻՆ՚ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՉԷ
Մայիսի 29-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա Բ. Նուշիչի ՙՏիկին մինիստրուհին՚ ներկայացման պրեմիերան` հրավիրված ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի բեմադրությամբ:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում թատրոնի տնօրեն ԿԱՐՈ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ տեղեկացրեց, որ ներկայացման մեջ զբաղված են Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի 30-ից ավելի դերասաններ: Ի դեպ, ներկայացման անունը լսելիս հանրության մեջ միանգամից ասոցացվում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, սակայն ՙՏիկին մինիստրուհին՚ որեւէ կապ չունի Հասմիկ Պողոսյանի հետ, քանի որ այն Բ. Նուշիչի մինիստրուհին է. ՙԱմենեւին էլ մեր նախարարի հետ կապ չունի: Այս պիեսը Բ. Նուշիչը 100 տարի առաջ է գրել, իսկ մեր թատրոնում այն բեմադրվել է 1949 թվականին, ի±նչ կապ կարող է ունենալ մեր նախարարի հետ՚,- նշեց Կ. Շահբազյանն ու տեղեկացրեց առաջիկայում բեմադրվող ներկայացումների եւ թատրոնի տեխնիկական վերանորոգման մասին. ՙՎերանորոգման հարցն ուժի մեջ է, բայց քանի դեռ ժամկետները հստակ չեն, մեր հունով առաջ ենք գնում: Նախատեսվում են նոր ներկայացումներ` Գ. Սունդուկյանի ՙԷլի մեկ զոհը՚, Ժորա Հարությունյանի ՙՈւշ լինի, նուշ լինի՚ երաժշտական ներկայացումը: Առաջիկայում` փորձում ենք աշնանը նոր ներկայացում հանձնել հանդիսատեսի դատին: Մի խոսքով աշխատում ենք, երբ վերանորոգումը լինի, կընդհատենք` կրկին շարունակելու ակնկալիքով՚: