«ՍՊԱՅԻ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԶԵՆՔԸ ԽՈՍՔՆ Է»
Արխիվ 12-16«ՍՊԱՅԻ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԶԵՆՔԸ ԽՈՍՔՆ Է»
Բանակում սպայական կազմը ամեն օր պատասխանատվություն կրելով հարյուրավոր զինվորների համար, մշտապես պատրաստ լինելով կյանքը զոհել հանուն հայրենիքի` հաճախ ստիպված է լինում հանդուրժել հանրության, մեղմ ասած, բացասական կարծիքը: Մինչդեռ այդ նույն սպան երեկվա շարքային զինվորներից մեկն է, ու նրա մայրն էլ է ամեն օր աղոթում որդու անփորձանք ծառայության համար: «Իրավունքը» շարունակելով Պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակում ուսումնասիրել Հայոց բանակի ներքին խոհանոցն ու մերօրյա քաջամարտիկների ռազմական փորձը, այս անգամ այցելեց N զորամաս, որտեղ էլ զրույցի բռնվեց զորամասի ամենաերիտասարդ սպայի` լեյտենանտ ՎԻԳԵՆ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆԻ հետ:
«ԵԹԵ ԿԱՐԳԱՊԱՀ ՉԵՍ, ԱՊԱ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԴ»
-Ձեր ծնունդից մինչեւ զինվորական կոչում ի՞նչ ճանապարհ եք անցել:
- Ծնվել եմ 1991 թվականին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Ապա բնակվել եմ ՌԴ-ում: Հետո ցանկություն է առաջացել գալ հայրենիք եւ բնակվել այստեղ: Եկել եմ ու սկսել զինվորականի մասնագիտությամբ զբաղվել: Գերազանցությամբ ավարտել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:
- Փաստորեն, բավական երկար ժամանակ ապրել եք օտար, բայց հզոր երկրում, ինչո՞ւ վերադարձաք Հայաստան:
- Ես մտածում եմ այսպես. եթե մարդ ծնվել է, ուրեմն` պետք է ապրի ինչ-որ բանի համար, իսկ ամենաճիշտ ապրելու միջոցը հայրենիքում ու ծնողների կողքին ապրելն է: Իմ ծնողների ապահով լինելու համար, ես պետք է ռազմական գործով զբաղվեմ, որպեսզի էլ ավելի ապահով լինեն: Իսկ այդ ապահովությունը առաջին հերթին բանակն է տալիս` սպաներն ու զինվորները:
- Ռազմական ինստիտուտում անցկացրած չորս տարին Ռուսաստանից նոր եկած երիտասարդի համար շա՞տ դժվար էր:
- Կային դժվարություններ, բայց այդ դժվարությունները գիտակցում ես ու հասկանում, թե ինչի համար ես եկել: Դժվարությունները շատ արագ վերանում են այն ժամանակ, երբ արդեն գիտակցաբար ես մոտենում դրանց, եւ այն դառնում է նույնիսկ հաճելի: Շատ հետաքրքրություններ կան այս մասնագիտության մեջ, որոնք մյուս մասնագիտությունների մեջ չկան:
- Սովետական բանակում ասում էին, թե սպային ամենաքիչը 12 տարի է պետք, որպեսզի իր գործում կայանա որպես սպա, իսկ Հայոց բանակում կայացած սպա դառնալու համար որքա՞ն ժամանակ է հարկավոր:
- Հիմա մի քիչ ավելի շուտ ես ադապտացվում այս ամենին, որովհետեւ հայրենիքի պահանջը օգնում է, որպեսզի կայանաս որպես սպա: Դա կարող է լինել մի տարի, երկու տարի, ծայրահեղ դեպքում երեք տարի, բայց եթե այդ ընթացքում չես կայացել որպես սպա, ուրեմն` ավելի լավ է զբաղվես ուրիշ մասնագիտությամբ եւ գիտակցես, որ սխալ ուղի ես ընտրել:
- Իսկ սպա լինելու համար ի՞նչ հատկություններ են պետք:
- Ամենաառաջին ու կարեւոր հատկությունն ինձ համար հայրենասիրությունն է, հետո նոր կարգապահությունը: Եթե դու լինես կարգապահ եւ հայրենասեր, ուրեմն` կարող ես պահանջել քո ենթականերից կարգապահություն եւ հայրենասիրություն: Իսկ
ամեն ինչ ծնում է կարգապահությունը, եթե կարգապահ չես, ապա չես կարող պաշտպանել հայրենիքդ:
- Որպես սպա, ով գրեթե հասակակից է զինվորների հետ, ինչպիսի՞ մեթոդներով եք փորձում դաստիարակչական կամ բացատրական բնույթի աշխատանքներ տանել Ձեր ենթակաների հետ:
- Արդեն ութ ամիս է` անձնական օրինակի մեթոդով եմ ծառայում ու կշարունակեմ ծառայել այնքան, ինչքան պետք լինի եւ ինչքան կկարողանամ: Ընդհանրապես, անձնական օրինակի մեթոդը ամենաարդյունավետն է:
- Նորակոչիկի եւ արդեն մի քանի ամիս ծառայած զինվորի միջեւ այսօր տարբերությունը շա՞տ մեծ է:
- Տարբերությունը ամիսների մեջ չէ: Նույնիսկ կարող եմ ասել, երբ բարձրանում ենք մարտական դիրքեր, հետո վերադառնում ենք զորամաս` մշտական տեղակայման վայր, արդեն փոփոխությունը զգացվում է բոլոր զինծառայողների մոտ:
«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է»
-Դժվար դաստիարակվող զինվոր ունեցե՞լ եք:
- Այսօր «չեպեիշնիկ» զինվորներ չկան, կան զինվորներ, որոնց պետք է բացատրել, թե ինչի համար են եկել բանակ ու հիշեցնել իրենց պարտականությունների մասին: Եթե զինվորին հիշեցնես, որ եկել է ծառայելու ու պետք է պարտականությունները կատարի, անպայման կկատարի: Մի քիչ լավ, թե մի քիչ վատ` կկատարի, դա էլ արդեն մարդուց է գալիս:
-Իսկ այդ հիշեցման տարբերակը ո՞րն է:
-Պահից է կախված. եթե ինքը շարքում սխալ է կանգնել, խոսքով հիշեցնում ես, որ շարքում զինվորը պետք է այսպես կամ այնպես կանգնած լինի: Սպայի ամենաուժեղ զենքը խոսքն է, եթե սպան կարողացավ արտահայտվել, խոսել, ուրեմն` իր մոտ, իմ կարծիքով, կստացվի շատ բաներ:
- Մի հետաքրքիր երեւույթ կա բանակում, Շիրակի մարզի զինվորները մշտապես աչքի են ընկնում ու հաճախ ոչ կարգապահությամբ, այլ «հեղինակությամբ» զինվորների շրջանում: Որպես շիրակցի սպա` գուցե այդ գաղտնիքը բացահայտե՞ք, թե ինչով է պայմանավորված: 
- 10 տարի Հայաստանի Հանրապետությունում չեմ եղել եւ վերադառնալով այստեղ` տեսել եմ մի ուրիշ վարքուբարք, ինչը այնտեղ ընդհանրապես չեմ տեսել: Կամաց-կամաց մերվել եմ այդ ամենի հետ ու շփվելով մյուս մարզի ներկայացուցիչների հետ` հասկացել եմ, որ Շիրակի մարզի ներկայացուցիչները տարբերվում են: Երեւի թե, իրենց մտածելակերպը, ավանդույթներն ու սովորույթներն են մի քիչ տարբեր, քան մյուս տեղերում: Դե բնական է, լավն էլ կլինի, վատն էլ:
- Խոսեցիք մտածելակերպի մասին, իսկ հետաքրքիր է, ըստ Ձեզ, կգա՞ մի օր, որ սպա-զինվոր հարաբերությունը, իրոք, այլ` բարեկամական հարթության վրա կդիտվի:
- Ես իմ կարճ` ութ ամսվա փորձից կարող եմ վստահաբար ասել, որ եթե սպաները ցանկանան, կփոխվի: Հանրության կարծիքն էլ, իհարկե, սպաների մասին այդքան էլ լավ չէ: Օրինակ, ովքեր իմացել են, որ ես սպա եմ, ասել են` շատ դժվար է, ինչո±ւ ես գնացել ծառայության, բա քո ընտանի՞քը…
- Իսկ ինչպե՞ս եք պայքարում այս կարծիքի դեմ:
- Ես եկել եմ ծառայության այն գիտակցումով, որ սպաները մի առանձնահատուկ խմբի մարդիկ են, ովքեր ծառայում են հանուն հայրենիքի: Բոլոր մասնագիտություններն էլ պետք են, բայց սպայի` հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը, ամենակարեւորն է: Իսկ թե ինչու է մեր հանրության կողմից ավելի բացասական ընդունվում, քան դրական, այդ հարցի պատասխանն իմ մեջ երբեք չեմ գտել:
- Մինչդեռ այդ հարցի շահարկումները հաճախ տեղ են գտնում մամուլում, երբ բանակում տեղի ունեցած ինչ-որ արտակարգ պատահարի շուրջ բարձրացվում է հիստերիա ու ամերիկյան գումարներով սնվող ինչ-որ մարդիկ բանակի մասին ձեւավորում են շատ բացասական կարծիք` իբր բանակը «սպանդանոց» է, սպաներն էլ «մարդակեր» են:
- Ինչու են միշտ քարկոծում սպային: Եթե սպան պատասխանատու է, չի նշանակում, որ ամեն մի կատարվածի մեղավորը սպան է: Բայց ես նման տեսակետ արտահայտողներին փորձում եմ իմ գործերով ապացուցել հակառակը, որ սպաներն անում են ամեն ինչ, որ մեր բանակն ավելի լավը դառնա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

