ՙՉԵՆՔ ԿՐԿՆԻ ԱՅՆ ՍԽԱԼՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԱՏԱՐԵԼ ԵՆՔ ԱՊՀ-ՈՒՄ՚
ԱՊՀ-ն ներկա տեսքով սպառել է իրեն, հարկավոր է փնտրել համագործակցության նոր ձեւաչափեր` ի դեմս Մաքսային եւ Եվրասիական միության,- երեկ ասել է ՙՆորավանք՚ գիտակրթական հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին նվիրված Երեւան-Մոսկվա-Աստանա-Կիեւ-Քիշնեւ տեսակամրջի ընթացքում:
ՙԿարծում եմ, որ ԱՊՀ ձեւաչափն այն տեսքով, որով հիմա կա, արդեն սպառել է իրեն: Հարկավոր է փնտրել նոր ձեւեր, եւ դրանք գոյություն ունեն` Մաքսային միությունը, Եվրասիական միությունը եւ ամենահին կառույցը` ՀԱՊԿ-ն: Ժամանակն է անցնել այդ ձեւաչափերին եւ հիշել սխալների մասին, որոնք կատարվել են ԱՊՀ-ի ձեւավորման ժամանակ` որպես միասնական քաղաքական եւ տնտեսական օրգանիզմ՚, - ասել է Հարությունյանը: Նրա խոսքերով` հարկավոր է հրաժարվել իրար հետ ՙմիջոցառումային՚ աշխատելաոճից, քանի որ այսօր ԱՊՀ երկրներում քիչ բան գիտեն հարեւան երկրների ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ինչպես կարծում է փորձագետը, ԱՊՀ-ի շրջանակներում այդպես էլ չձեւավորվեց միասնական տեղեկատվական հարթակ, ինչը թեթեւ ուժի ամենակարեւոր տարրն է, առանց որի ինտեգրացիոն գործընթացներն անիմաստ են դառնում: ՙԵս մեծ էնտուզիազմով եմ վերաբերվում նոր ձեւաչափերին: Դա քայլ է դեպի առաջ, եւ էվոլյուցիա` նախկին խորհրդային հանրապետությունների ինտեգրման գործում, եւ ես կարծում եմ, որ մենք չենք կրկնի այն սխալները, որոնք կատարել ենք ԱՊՀ-ում, եւ այսօր նոր իրողությունների մակարդակով կկարողանանք կառուցել ավելի կենսունակ միություններ, որոնց կարիքը բոլորս շատ ունենք՚,- ասել է Հարությունյանը: