Լավ է ուշ, քան երբեք.
Արխիվ 12-16
Լավ է ուշ, քան երբեք. տարիների անգործությունից հետո ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ քստմնելի արտահանձնման հարցով զարմանալիորեն տեղից շարժվեցին եվրոպացիք: ԵԽԽՎ` իրավական հարցերի եւ մարդու իրավունքների կոմիտեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը` դատապարտվածների հանձնման վերաբերյալ, Ռամիլ Սաֆարովի գործով: ԵԽԽՎ կայքում հրապարակված հայտարարության մեջ կոմիտեն դա անվանել է ՙմիջազգային հարաբերություններում եւ օրենքի գերակայության հարցերում բարի մտադրությունների սկզբունքի խախտում՚: Բայց մի շտապեք ուրախանալ, դա ընդամենը բանաձեւի նախագիծ է` բրիտանացի պատգամավոր Քրիստոֆեր Չոուփի զեկույցի հիման վրա, եւ քննարկմանը ներկայացվելու է այս տարվա ընթացքում:
Այսինքն, նույնիսկ այդ մեղմ կշտամբանքի քննարկումը կարող է տեղի ունենալ ՙէշի զատկին՚: Իզուր չէ, որ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ գլխավորում է Շախմատի ֆեդերացիան: Երեկ Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի նիստում նա հանդես եկավ լավ կշռադատված ելույթով, որը նաեւ պարունակում է զարմանալի ճշգրտությամբ հաշվարկված քաղաքական շախմատային քայլ: Հայտնելով հանդերձ, որ 2015-ի ընթացքում ու հատկապես ապրիլի 24-ին Հայաստան այցելելու հրավեր է ուղարկված մի շարք պետությունների ղեկավարներին, նա ՙշախ՚ դրեց մեր դարավոր թշնամուն. ՙԵթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան եւ ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին եւ առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին՚: Հիմա գան` չի լինի, չգան` չի լինի...
Բայց զարմանալիորեն ակտիվացել են չհայ թափթփուկները, եւ այդ թվում ՙվտարանդի՚, իսկ ավելի ճիշտ` վտարանտեր գրող ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԸ, որը հայտնի է քրեական հանցագործություն կատարելուց հետո Հայաստանից փախչելով եւ Ադրբեջանից ՙԽոջալուի համար՚ ներողություն խնդրելով: Ահա թե ինչ զարմանալի գարշանք է տարածել այդ տականքը. ՙՄեր ամբողջ սերը, ատելությունը, բոլոր զգացմունքերն արտահայտվում են մահով, մարդակերությամբ, իրար ուտելով, լափելով: Մենք 1915 թվականին չէ որ ցեղասպանվել ենք: Մեր ամբողջ մշակույթն իր ուղն ու ծուծով ցեղասպանություն ու մարդակերություն է: Անձի հեղափոխությունը, իրական հեղափոխությունը, հենց սրա ըմբռնումից է սկսում, եւ ուրիշ ոչ մի բանից՚:
Չհայ տարբերակով, ինքնության ժխտման ճանապարհով ընթանում է եւ ՙԺառանգություն՚ կուսակցության մամլո խոսնակ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ: Նա էլ հայտարարում է հետեւյալը. ՙԵս հպարտ չեմ, որ հայ եմ: Չեմ ընդունում, երբ հպարտանում են իրենց ազգային պատկանելությամբ: Չնայած հասկանում եմ այդ մարդկանց, քանի որ ինքս էլ փոքր ժամանակ նման կերպ կարող էի արտահայտվել՚: Այնուհետ մի բոլ-բոլ փիլոյաբանելով ֆաշիզմի, ռասիզմի եւ քաղաքացիական արժեքների մասին` նա վերջում եզրակացնում է. ՙՈւրեմն ես հպարտ չեմ որ հայ եմ: Ես ընդամենը ուրախ եմ հայ լինելու համար: Իսկականից որ, ՙԱպե հա±յ ես: Կայֆ ա, չէ±՚: Եվ զարմանալով հանդերձ, մնում է հռետորական հարց ուղղել` արդյո±ք կուսակցության մամլո խոսնակը տվյալ դեպքում արտահայտում է կուսակցության պաշտոնական տեսակետը:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

