«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋԱՆՑՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ Է ԴԱՐՁԵԼ»
Արխիվ 12-16«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋԱՆՑՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ Է ԴԱՐՁԵԼ»
Երեկ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր 2013 թվականի պետական բյուջեի կատարողականը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ անցյալ տարի 21 հազար անձ դիմել է ՀՀ նախագահին` ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Թե ինչո՞վ է պայմանավորված այս ֆենոմենը, «Իրավունքը» պարզեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ.
-Առաջին հերթին` դրանք սիրիահայերն են եղել, որոնք վերադարձել են: Երկրորդը` պարսիկներ կան, որոնք չեն ուզում ապրել Իրանում եւ գալիս են Հայաստան: Եվ երրորդը` Հայաստան եկած հայերն են, որոնք ինչ-ինչ գործոններից ելնելով` փորձում են ստանալ հայկական անձնագրեր, որպեսզի կարողանան, օրինակ, Ռուսաստան ավելի հեշտ գնալ: Օրինակ, ես մի ամերիկացի գիտեմ, որը հայկական անձնագիր է ստացել, որպեսզի Մոսկվայի վիզա ստանալու խնդիր չունենա: Նաեւ վրացիներն ու վրացահայերն են գալիս ու քաղաքացիություն ստանում, որպեսզի կարողանան հանգիստ Ռուսաստան գնալ: Այնպես որ, Հայաստանը բավական միջանցքային տարածք է դարձել, եւ դա է պատճառը, որ այդ թվաքանակը կարող է լինել տպավորիչ:
- Ամեն դեպքում, այս ցուցանիշը կարելի է դրական համարել:
- Այնքանով, որքանով որ նրանց մեջ հայերի մի մաս կա, որոնց երեխան, օրինակ, ծնվել է արտասահմանում, եւ ծնողը բերում է երեխային այստեղ` նրան հայկական քաղաքացիություն տալու համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

